Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը մայիսի 24-ին ընդունել է ՀԲԸՄ «Կորիզ» ծրագրի մասնակից երիտասարդների` ՀԲԸՄ Եվրոպայի գրասենյակի նախագահ, Ֆրանսիայի Իլ դը Ֆրանս շրջանի (Փարիզ եւ շրջակայք) տեղական տարածաշրջանային խորհրդի անդամ Ալեքսի Գյովջյանի եւ ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչության տնօրեն Աշոտ Ղազարյանի գլխավորությամբ: Երիտասարդները ներկայացնում էին ՀԲԸՄ Ֆրանսիայի, Գերմանիայի, Իսպանիայի, Բելգիայի, Բուլղարիայի, Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի, Սիրիայի, Թուրքիայի եւ Հայաստանի մասնաճյուղերը:

ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Հովիկ Աբրահամյանն անդրադարձել է Հայկական բարեգործական ընդհանուր միության հայանպաստ առաքելությանը, որն անցյալ դարասկզբից ձեռնամուխ է եղել հայ ժողովրդի հոգեւոր եւ մշակութային զարգացմանը նպաստող ազգանվեր գործունեության: ՀՀ Ազգային ժողովի նախագահը նշել է, որ ՀԲԸՄ նախաձեռնությունները, ձեռնարկներն ու ծրագրերը Սփյուռքում եւ Հայաստանում անուրանալի ներդրում են հայապահպանության ոլորտում:

Հովիկ Աբրահամյանը բարձր է գնահատել Հայկական բարեգործական ընդհանուր միության Եվրոպայի գրասենյակի «Կորիզ» նախաձեռնությունը: Նա տեղեկացրել է, որ Հայաստանի խորհրդարանն ունի երիտասարդ պատգամավորներ, ովքեր բավական ակտիվ մասնակցում են օրենսդիր գործունեությանը: Մտադրություն կա նախաձեռնել նաեւ երիտասարդական խորհրդարան: Ազգային ժողովում իրականացվում է «Բաց դաս» ծրագիրը, որի շրջանակում տարբեր դպրոցների բարձր դասարանցիներ ծանոթանում են խորհրդարանի աշխատանքներին, ներկա լինում նիստերին:

ՀՀ Ազգային ժողովի նախագահը երիտասարդներին ներկայացրել է Ազգային ժողովի կառուցվածքը, գործունեությունը, անդրադարձել հայ- թուրքական հարաբերությունների եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացներին: