Մենք հետապնդելու ենք այս ռեժիմին՝ իրենց կողմից թույլ տրված ցանկացած վրիպման, տապալման, բացթողման եւ սխալի համար՝ Գյումրիում այսօր ժամը 14-ին տեղի ունեցած Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքի ժամանակ հայտարարել է ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը։ Հանրահավաքին, որին ներկա էր մի քանի հազար մարդ, ելույթ են ունեցել ՀԱԿ անդամ կուսակցությունների ներկայացուցիչները, մասնավորապես՝ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը, ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը, ինչպես նաեւ Հայաստանի գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը, Հայ ազգային կոնգրեսի Շիրակի մարզի կառույցի ղեկավար Աշոտ Զաքարյանը, ՀԱԿ ներկայացուցիչ Դավիթ Մաթեւոսյանը եւ այլք։ ՀԱԿ ներկայացուցիչներն իրենց ելույթներում շոշափել են խնդիրների լայն շրջանակ՝ միջազգային ասպարեզում տեղի ունեցող անցուդարձ, հայ-թուրքական գործընթաց, ԼՂ խնդրի շուրջ տեղի ունեցող զարգացումներ, ինչպես նաեւ անդրադարձ է եղել ներքաղաքական զարգացումներին եւ սոցիալ-տնտեսական վիճակին։ Մասնավորապես թանկացումների եւ գազի սակագնի բարձրացման թեմայի շուրջ ելույթներ են ունեցել Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն ու Երեւանի նախկին քաղաքապետ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը։ Հանրահավաքը վարել է ՀՀՇ վարչության անդամ Արամ Մանուկյանը։
Հանրահավաքն անցել է առանց միջադեպերի եւ ջերմ մթնոլորտում։ Թեեւ որոշված էր հանրահավաքի վերջում երթ անցկացնել, սակայն եղանակային վատ պայմանների պատճառով երթ տեղի չի ունեցել։
Նշենք, որ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանրահավաքին չի մասնակցել, քանի որ նա, ինչպես հայտնի է, երկշաբաթյա այցով գտնվում է ԱՄՆ-ում։



























