Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 25-27-ը աշխատանքային այցով կմեկնի Բելգիայի թագավորություն: Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, պաշտոնատար այլ անձինք:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանը Բրյուսելում հանդիպումներ կունենա Եվրոպական Միության խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպոյի, Եվրոպական Հանձնաժողովի նախագահ Ժոզե-Մանուել Բառոզոյի, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար, բարոնուհի Քեթրին Էշթոնի հետ:
Սերժ Սարգսյանը կհանդիպի նաեւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսսենի, Եվրոպական Հանձնաժողովի` ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի, առեւտրի հարցերով հանձնակատար Կարել Դե Գուխտի, տնտեսական եւ ֆինանսական հարցերով հանձնակատար Օլի Ռենի հետ:
ՀՀ Նախագահին Բրյուսելում կհյուրընկալեն նաեւ Բելգիայի Սենատի նախագահ Արմանդ Դե Դեկերը եւ Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրեդ Մարթենսը:
Նախագահ Սարգսյանն այցի ընթացում հանդիպում կունենա Բելգիայի եւ Նիդեռլանդների հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, կայցելի հայտնի բարերարներ Ժան եւ Ալբեր Պողոսյանների գլխավորությամբ գործող Պողոսյան հիմնադրամի հիմնած Արեւելքի եւ Արեւմուտքի մշակույթների եւ երկխոսության «Վիլա Էմպեն» կենտրոն:
ՀՀ նախագահի գլխավորած պատվիրակությունը մայիսի 27-ի երեկոյան կվերադառնա Երեւան:



























