Դիվանագիտությունն, ինչպես եւ ամեն մի գիտություն, չափվում է իր արդյունքներով, եւ եթե մի բանում արդյունքները վատն են, անպայման գտնում են մեղավորներին՝ NEWS.аm-ի թղթակցին ասել է Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը՝ արձագանքելով ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Հրայր Կարապետյանին։ Պատգամավորը դժգոհել էր Հայաստանի դիվանագիտական կորպուսի աշխատանքներից՝ պահանջելով, որ հրաժարական տան նաեւ մի շարք երկրներում աշխատող Հայաստանի դեսպանները։ Արման Նավասարդյանն ասել է նաեւ, որ դեսպանների ախատանքից շատ բան է կախված։ «Նրանք պետք է հաշվարկեն միջազգային կազմակերպություններում տեղի ունեցող գործընթացները՝ խուսափելու համար դրանցում առկա պարտվողական պահերից, ոչ նպաստավոր ձեւակերպումներից»,- ասել է արտակարգ եւ լիազոր դեսպանը՝ օրինակ բերելով մայիսի 20-ին Եվրախորհրդարանի կողմից ընդունված 2216 բանաձեւը։ Արման Նավասարդյանն ընդգծել է, որ դիվանագիտական աշխատանքը համակարգային, տարիների ընթացքում կատարվող աշխատանք է, որին պետք է մասնակցեն ինչպես արտգործնախարարությունը, այնպես էլ միջազգային կառույցներում աշխատող դիվանագիտական պատվիրակություններն ու դեսպանները։ «Այսօր տեղի ունեցող բոլոր վրիպումներն ու բացթողումները հետեւանք են անցած տարիների ընթացքում կազմակերպված վատ աշխատանքի։ Մեզ մոտ դիվանագիտական ծառայությունը վերջին 10 տարիների ընթացքում ոչ միայն չկայացավ, այլ նաեւ շատ բաներով տուժեց։ Եւ այն այժմ, մեղմ ասած, կաղում է»,- հավելել է արտակարգ եւ լիազոր դեսպանը։

Ուստի, ըստ Նավասարդյանի, դեսպանների հրաժարական տալուց կամ նրանց փոփոխությունից իրավիճակը չի փոխվի։ «Հարկավոր է դիվանագիտական աշխատանքը ճիշտ կազմակերպել եւ իրականացնել»,-ասել է դեսպանը։

Արման Նավասարդյանն, ի դեպ, մոտ ժամանակներս պատրաստվում է լույս ընծայել իր հեղինակած գիրքը՝ «Դիվանագիտություն» անվանմամբ։