Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը մայիսի 24-ին մերժել է 2008թ. մարտի 1-ին զոհված Գրիգոր Գեւորգյանի, Հովհաննես Հովհաննիսյանի եւ Սամվել Հարությունյանի իրավահաջորդների բողոքը` սպանության հանգամանքների բացահայտման հարցում Հատուկ քննչական ծառայության եւ դատախազության անգործության դեմ:
Դատավոր Արմեն Խաչատրյանի կայացրած վճռում նշված է, թե պահանջը դատական վերահսկողության ոլորտից դուրս է։
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում զոհերի շահերի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը դատավորի վճիռը որակել է Սահմանադրությանը հակասող: «Դատարանը բացարձակ չի հետեւում իր գրագիտությանը»,- նշել է Զեյնալյանը:
Զոհերի իրավահաջորդները պատրաստվում են Առաջին ատյանի դատարանի վճիռը բողոքարկել Վերաքննիչ դատարանում։
Հիշեցնենք, որ 2008թ. մարտի 1-ին ոստիկանությունը բռնությամբ ցրեց Ազատության հրապարակում հավաքված խաղաղ ցուցարարներին, իսկ երեկոյան տեղի ուենցած բախումների արդյունքում զոհվեց 10 հոգի: Սպանություններն առ այսօր բացահայտված չեն, եւ զոհերի հարազատների կարծիքով, իրավապահները միտումնավոր կոծկում են հանցագործությունը:



























