Արարատի մարզի Նորաբաց համայնքը գտնվում է Երևանից Մասիս ճանապարհին, սահմանակից է մայրաքաղաքին:

Նորաբացի համայնքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ այն ունի մոտ 3000 բնակչություն, եկեղեցի, ամֆիթատրոն: 2021 թ.-ին համայնքում սկսվել են լայնածավալ ասֆալտապատման աշխատանքներ: Կառավարության սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվում է 1 կմ, 80 մ երկարությամբ ճանապարհահատված, որով փաստացի ավարտվում է համայնքի կենտրոնական փողոցների ասֆալտապատումն և անցում է արվելու երկրորդական ճանապարհներին:

Ավարտին է մոտենում նաև լուսադիոդային (LED) լամպերով փողոցային լուսավորության տեղադրումը, ինչը հնարավորություն կընձեռի էներգախնայող համակարգի միջոցով ավելացնել գիշերային լուսավորության ժամերը: Համայնքի հաջորդ՝ խոշոր ծրագրերն են. երկրորդային փողոցների ասֆալտապատումն ու ոռոգման համակարգի արդիականացումը: Նախատեսված է նաև սպորտային խոշոր համալիրի կառուցում՝ համայնքի երիտասարդների առողջ ապրելակերպը խթանելու նպատակով: Նորաբաց համայնքն ընդգրկված է համայնքների խոշորացման կառավարական ծրագրում. նախատեսված է նրա միավորումը Մասիսի քաղաքի հետ: