ԱՄՆ-ում Աֆղանստանի դեսպան Ադելա Ռազը կորցրել է իր երկիրն ու ԱՄՆ-ի նկատմամբ հավատը: Նա իր հուսահատության մասին պատմել է «Axios on HBO»-ի եթերում՝ Քաբուլի անկումից ի վեր իր առաջին հեռուստատեսային հարցազրույցում:
Ռազն ասել է, որ չի կարծում, որ նախագահ Ջո Բայդենին մտահոգում է աֆղանստանցի կանանց եւ աղջիկների ճակատագիրը: Նա նաեւ Axios-ին նոր մանրամասներ է հայտնել, որոնք ցույց են տալիս, որ նախկին նախագահ Աշրաֆ Ղանիի գաղտնի փախուստն ավելի շուտ դիտավորություն է եղել:
Հուսահատության պահին նա հայտարարել է, որ իրեն մեղավոր է զգում, որ խրախուսել է աֆղանստանցի կանանց հավատալ նոր ապագային եւ ծառայել իր հետ կառավարությունում, ինչպես նաեւ նրանց համար, ում նա խրախուսել է մնալ Աֆղանստանում: «Նրանցից մեկը երիտասարդ կին էր, որին սպանեցին: Նա իրավապաշտպան էր», - արցունքն աչքերին ասել է Ռազը:
Հարցազրույցը ձայնագրվել է Ռազի գրասենյակում՝ Վաշինգտոնում Աֆղանստանի դեսպանության վերին հարկում:
Նա այնտեղ աշխատում է փաստացի որպես փախստական՝ ներկայացնելով առանց առաջնորդի կառավարություն: Նա հրաժարվում է ճանաչել թալիբներին կամ լքել իր պաշտոնը, եւ ասել է, որ դեռ իրեն համարում է իր երկրի դեսպանը, սակայն Բայդենի վարչակազմը հրաժարվել է հանդիպել նրա հետ:
Ռազը նշել է, որ այլեւս չի վստահում ԱՄՆ կառավարությանը եւ կասկածում է, որ որեւէ աֆղանստանցի կվստահի: «Եթե խոսում եք ժողովրդավարության մասին, ես, հավանաբար, դա կասկածի կենթարկեմ եւ կծիծաղեմ դրա վրա», - նա այսպես է պատասխանել իրեն ուղղված հարցին այն մասին, թե արդյո՞ք Ամերիկան համարում է ազատ աշխարհի առաջնորդ:
Նա քննադատել է Բայդենին, որը հրաժարվել է վերանայել թալիբների եւ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի միջեւ գործարքը, որը պաշտպանություն չէր ապահովում աֆղանստանցի կանանց համար ԱՄՆ-ի հեռանալուց հետո:
Ռազն ասել է, որ իր կառավարությունը տապալվել է բազմաթիվ մակարդակներում՝ ներառյալ Ղանիի կառավարությունը: Նա ասել է, որ Աֆղանստանի անվտանգության ուժերը չափազանց մեծ հույսեր են կապել ԱՄՆ-ի հետ եւ տապալվեցին, երբ ԱՄՆ-ը հեռացավ 20 տարվա ֆինանսավորումից եւ ուսուցումից հետո:
Նրա խոսքով՝ Ղանին պետք է աֆղանստանցիներին բացատրի իր դավաճանությունը՝ «երկրից գաղտնի փախչելն ու Քաբուլը առանց կռվի թալիբներին զիջելը:
Ռազի ամուսինը օգոստոսի 15-ից մի քանի օր առաջ նրան ասել է, որ Ղանին հանդիպել է միայն իր երկու օգնականների հետ, իսկ Ռազը կարծել է, որ նրանք, գուցե, աշխատել են տարհանման պլանի վրա:
Պետքարտուղարության խոսնակն արձագանքել է. «Դեսպան Ադելա Ռազը ԱՄՆ-ում Աֆղանստանի հավատարմագրված ներկայացուցիչն է: Մի շարք նկատառումներ ազդում են ցանկացած օտարերկրյա դեսպանի հանդիպումների խնդրանքների վրա: Մենք ի վիճակի չենք մեկնաբանել ԱՄՆ դիվանագիտական փոխազդեցության մանրամասները: Հաշվի առնելով իշխանափոխությունը Քաբուլում՝ մեր ուշադրությունը Աֆղանստանում կենտրոնացված է նրա վրա է, թե արդյո՞ք ապագա կառավարությունը կլինի այնպիսին, որի հետ մենք եւ միջազգային հանրությունը կկարողանանք աշխատել»:
Սակայն Ռազի հետ փորձել են կապ հաստատել թալիբները: Ըստ դեսպանի՝ փորձել են համոզել իրեն եւ մյուս դեսպաններին միանալ Zoom հեռակոնֆերանսին, սակայն ինքը անտեսել է հրավերը:
Ռազի խոսքով՝ ոչ մի դեպքում չի ծառայելու Թալիբանի կառավարությանը: Նա գիտի, թե ինչ է նշանակում ապրել թալիբների կողքին, եւ «սարսափում» է այն մտքից, որ գուցե երբեք չի լինի մեկ այլ կին, որ ներկայացնի իր երկիրը արտերկրում: «Չեմ ցանկանում վերջինը լինել», - ասել է նա: «Ես համաձայնեցի լինել առաջինը, բայց ոչ վերջինը»:





























