Ռուսաստանի եւ Հայաստանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովն ու Էդվարդ Նալբանդյանը հուլիսի 6-ին վավերացման հավաստագրեր են փոխանակել, համաձայն որոնց ուժի մեջ է մտել Հայաստանում ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետը մինչեւ 2044 թվականը երկարաձգելու մասին արձանագրությունը, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հունիսի 27-ին ստորագրել էր Գյումրիում ռուսական ռազմակայանի տեղակայման մասին 1995թ. ստորագրված պայմանագրի ժամկետի երկարաձգման արձանագրությունը վավերացնելու մասին օրենքը:

Ավելի վաղ` հունիսի 22-ին արձանագրությունը վավերացրել էր Ռուսաստանի Դաշնային խորհուրդը: ԱՊՀ երկրների հետ ռազմական համագործակցության վարչության պետ, գնդապետ Անդրեյ Գուսեւի խոսքով, «ռուսական ռազմակայանը Հայաստանի շնորհիվ անցել է բրիգադային համակարգի: Այժմ դրա թվաքանակը կազմում է 4 հազար 245 մարդ»:

Հայաստանի խորհրդարանն արձանագրությունը վավերացրել էր դեռ ապրիլի 12-ին` 80 կողմ, 1 դեմ, 1 ձեռնպահ հարաբերակցությամբ:

Գյումրիում 102-րդ ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետը մինչեւ 2044 թվականը երկարաձգելու մասին արձանագրությունը ստորագրել էին Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահները 2010թ. օգոստոսին, Երեւանում, իսկ 2011թ. մարտի 15-ին Հայաաստանի Սահմանադրական դատարանը դրանք գնահատել էր որպես ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող:

Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ պայմանագիրը 25 տարով ռուսական ռազմակայանի տեղակայման մասին ստորագրվել էր 1995թ. մարտի 16-ին, իսկ այժմ գործողության ժամկետը 25-ից դառնում է 49 տարի:

Արձանագրությամբ նախատեսվում է, որ ռազմակայանը ապահովում է նաեւ Հայաստանի անվտանգությունը: