44-օրյա պատերազմից ուղիղ մեկ տարի անց, NEWS.am-ը ներկայացնում է այդ օրերի քրոնիկոնը՝ հնարավորություն տալով ավելի սթափ հայացքով գնահատել պատերազմի ընթացքն ու իրադարձությունները։
44-օրյա պատերազմ.
Օր 41-րդ՝ նոյեմբերի 6
Ռուսաստանի ԱԳՆ աղբյուրը ՏԱՍՍ-ին հայտնել է, թե Մոսկվային հասկանալի չէ Ադրբեջանի նախագահի հուզական արձագանքը Լեռնային Ղարաբաղում օտարերկրյա վարձկանների մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի խոսքերին: «Միգուցե Իլհամ Ալիեւի օգնականները նրան ցույց են տվել ուրիշի նյութեր կամ ներկայացրել են իրենց սեփական մեկնաբանությունը»:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 3-ին Լավրովտ «Կոմերսանտին» հայտարարել էր, թե ՌԴ-ին անհանգստացնում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության ինտերնացիոնալացումը եւ Մերձավոր Արեւելքից գրոհայինների ներգրավումը.
«Մենք բազմիցս կոչ ենք արել արտաքին խաղացողներին օգտագործել իրենց հնարավորությունները՝ կանխելու վարձկանների տեղափոխումը, որոնց թիվը հակամարտության գոտում, ըստ առկա տվյալների, արդեն մոտենում է 2000-ի: Այս թեման, մասնավորապես, բարձրացրել է ՌԴ նախագահ Պուտինը Թուրքիայի նախագահի հետ հեռախոսազրույցում: Մենք համառորեն շարունակում ենք տարբեր խողովակներով առաջ տանել մեր դիրքորոշումը», ասել էր Լավրովը:
ՏԱՍՍ-ի զրուցակիցը նշել է, թե Լավրովի մեկնաբանություններում չի մատնանշվում, որ ահաբեկիչներին բերում է Ալիեւը (դիվանագետը հասկացրել է, որ Ալիեւն ինքն է մատնել իրեն՝ NEWS.am)։
«Այս կապակցությամբ կխնդրեինք մեր ադրբեջանցի ընկերներին ավելի ուշադիր լինել սկզբնաղբյուրներին ծանոթանալիս։ Մենք մնում ենք համոզված, որ վարձկան գրոհայինների ներթափանցումը Անդրկովկաս սպառնում է տարածաշրջանի բոլոր երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի եւ Ռուսաստանի կայունությանը եւ անվտանգությանը»,– ասել է նա:
Հիշեցնենք նաեւ, որ նախօրեին Ալիեւը հոխորտացել էր, թե Լավրովը հավատացել է ինչ-որ շշուկների եւ, առանց փաստերի, հանիրավի մեղադրում է Ադրբեջանին։ Ճիշտ է, այս եւ ավելի ներքեւում բերվող ՌԴ ԱՀԾ տնօրեն Սերգեյ Նարիշկինի հիմնավորումներին Ալիեւն արդեն չի արձագանքել, սակայն, կարելի է ասել, որ հետպատերազմյան ամիսներին «մարսել է» Արցախի դեմ պատերազմում վարձկան-ահաբեկիչներին ներգրավելը։
ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից արձագանքել են Արծրուն Հովհաննիսյանի՝ նախօրեի հայտարարություններին, թե վերջին երկու տարում ավելի շատ նորարարական, տեխնոլոգիական, ժամանակակից զենք է մտել բանակ, քան վերջին տասը տարում, նաեւ ինքնավստահ պնդել էր, թե «բոլորը գիտեն դրա մասին»։
«Ասվածը իրականության հետ որևէ աղերս չունի։ Արծրուն Հովհաննիսյանը կա՛մ չի տիրապետում թվերին, կա՛մ էլ միտումնաբար խեղաթյուրում է իրականությունը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ երկիրը պատերազմի մեջ է, և հայտարարված է ռազմական դրություն, իսկ հակառակորդը գտնվում է Շուշիի մատույցներում, այս մասին խոսելն անպարկեշտություն է, կարելի է ասել` մեղավորների փնտրտուք: Մենք, անշուշտ, ռազմական դրության ավարտից հետո այս թեմային և նմանատիպ այլ անհիմն շահարկումների հանգամանորեն և փաստարկված կանդրադառնանք».- պատասխանել են Սերժ Սարգսյանի գրասենյակից:
«Երկիր Մեդիա» ՀԸ քաղաքական և լրատվական բաժնի ղեկավար Գեղամ Մանուկյանը Ֆեյսբուքում ահազանգել է, որ վտանգված է Հայրենիքը, ամեն ինչ, 30 տարվա պայքարը, Արցախը, Հայաստանը, մինչդեռ իշխանությունը զբաղված է ոչ թե գործով, այլ ինքնագովազդով եւ արդեն մեղավորներ է փնտրում եւ «նշանակում»։ Գ.Մանուկյանը հիշեցրել է, որ պատերազմի առաջին իսկ օրը դադարեցրել է ամենօրյա «Անկեղծ ասած» իր հաղորդման հեռարձակումը, քանի որ 24 ժամյա ռեժիմով աշխատանք էր պետք անել.
«Հարցեր հետո կտրվեն, քննադատություն հետո կհնչի, հետո նաեւ բազում աղաղակող խայտառակությունների, անբարոյականության, իշխանական անճարակության, մեղքերն ուրիշների վրա գցելու մարմաջի, այս պատերազմական պայմաններում իրական գործ անելու, երկիր ղեկավարելու փոխարեն ամեն քայլը սեփական, ընտանեկան ու իշխանական PR ակցիայի վերածելու մասին կխոսվի։ Հիմա գործի, կենտրոնացյալ, նվիրյալ գործի, անձնազոհության պահն է։ Այդպես ապրեցինք շուրջ 40 օր։ Քանզի զոհասեղանին՝ ՀԱՅՐԵՆԻՔՆ էր։ Բայց վերջին մի քանի, հատկապես երկու օրերին նկատելի է մի շատ վտանգավոր միտում։ Այլեւս փնտրվում են մեղավորներ։ Արդեն իշխանության հոգսերից մեկը, եթե ոչ կարեւորագույնը, դարձել է ապագա թիրախների ընտրությունը, «նշանակումը», սեփական սխալների համար պատասխանատվությունից սահմանազատվելը։ Հրապարկ են նետված կեղծ հարցադրումներ, թե պատերազմն անխուսափելի՞ էր, թե զենքն այսքան էր, սրանով կռվեցինք, թե Սփյուռքում փող քիչ են հավաքում, թե դավաճանների պակաս չկա, մարդիկ փախչում են առաջնագծից։ ՈՒ անդրադառնում ես, իրականում երկրում հաստատել են ռազմական դրություն, ոչ թե ՊՈՂՊԱՏՅԱ կարգուկանոնի համար, որով պատերազմը հաղթենք, այլ որ՝ ոչ ցանկալի կարծիքը խեղդեն։ Իսկ շատերն ապրում են ոչ ռազմական դրությամբ, ինքնագովազդով, ինքնափառաբանմամբ, ֆեյքային իրականության ստեղծմամբ, կեղծիքով, խաբեությամբ՝ պատգամավոր ու նախարար, մերձիշխանական քարոզիչ ու լրատվամիջոց։ Այս վճռական պահին օրվա մեծ մասը դրան են նվիրում, ու ոչ թե՝ թշնամու քարոզչական, քաղաքական, ռազմական հարձակմանը դիմագրավելուն։ Ավելի շատ զբաղված են ինքնագովազդով, քան թե բուն գործով։ Սիրելիներս։ Վտանգված է Հայրենիքը, ոչ թե կառավարական սենյակների կորստյան հարցն է, այլ՝ Երկրի։ Մենք երկիրն ենք սիրում։ Սենյակները՝ այլոք։ Իսկ որոշները իշխանական ճամբարում մտածում են լոկ այս ամենից չոր դուրս գալու մասին։ Ու երկրի ռեսուրսը՝ քարոզչական, քաղաքական, երբեմն՝ ռազմական, փորձում են ծառայեցնել միայն այս հիվանդագին մարմաջին։ Կանգ առեք։ Արդարացում չի լինելու։
Հ.Գ. (...) Ռազմական, պետական գործին իրավունք չունի միջամտել որեւէ կին, որը չունենալով դրա իրավունքը, պարզապես՝ իրերի դրությամբ գործի է դնում ընտանեկան կարգավիճակը լոկ»։
Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է ՀՀ երրորդ նախագահի գրասենյակի այն հայտարարությանը, թե ինքը կա՛մ չի տիրապետում թվերին, կա՛մ էլ միտումնավոր կերպով խեղաթյուրում է իրականությունը:
Նա պնդել է, թե իրեն հակադարձողներից որևէ մեկը որևէ կերպ ավելի լավ չի տիրապետում իր նշած նորագույն զենքերի իրական ծավալներին, որոնք ձեռք են բերվել 2018-2020թթ ընթացքում, ապա թվարկել, թե 2012-2018թթ. ընթացքում ինչ զենքեր են ձեռք բերվել, 2018-20թթ-ին՝ ինչ, հընթացս նշել, որ շատ բան գաղտնիք է եւ չի կարող թվեր ներկայացնել, ապա ամփոփել.
«Առայժմ այսքանը սա դեռ ամբողջը չէ: Ուղղակի զսպվեք, ես շատ բան եմ տիրապետում»:
Այդ օրերից հանրության շրջանում հիմնավոր կասկածներ առաջացան (որոնք չեն փարատվել մինչեւ օրս), որ Ա.Հովհաննիսյանը քաղաքական հանձնարարություն է կատարում, լուսանկար հայտնվեց համացանցում, որտեղ նա եւ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը «Ազատություն» ռադիոկայանի պատշգամբում են։ Եվ որ այդ հանձնարարություններից մեկն էլ «Հաղթելու ենք» ամենօրյա վստահեցումներն էին։ Իսկ իր սպառնալիքները, թե «զսպվեք», թե չէ «շատ բան եմ տիրապետում», նա դեռ չի կենսագործել։
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույցում քննարկել են Լեռնային Ղարաբաղում իրավիճակը եւ ահաբեկչության դեմ պայքարը։ Նրանք շեշտել են հակամարտության դիվանագիտական կարգավորման կարեւորությունը։
Արցախի ԱԻՊԾ-ից հայտնել են, որ նոյեմբերի 5-ին լույս 6-ի գիշերը խաղաղ բնակավայրերում անհանգիստ է եղել.
«Ադրբեջանաթուրքական ուժերն ամբողջ գիշեր ինտենսիվ կրակի տակ են պահել Շուշի և Ստեփանակերտ քաղաքները։ Հրթիռակոծության հետևանքով Շուշիում հրդեհվել են մի քանի բնակելի տներ, իսկ մայրաքաղաքում կան ավերածություններ։ Դեպքերի վայրերում աշխատում են ԱԻ պետական ծառայության փրկարարական ջոկատները։ Քաղաքացիական բնակչության շրջանում նախնական տվյալներով կա 3 զոհ»։
Փարիզի քաղաքապետ Ան Իդալգոն Թվիթերում գրել է, որ հանդիպել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահներ Մուրադ Ֆրանկ Փափազյանին և Արա Թորանյանին՝ քննարկելու համար Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը:
«Այս փորձության ժամանակ Փարիզը կանգնած է հայ ժողովրդի կողքին»,-ասել է նա:
«Հայրենիք» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որ նույնանուն զորախումբը, որը բազմաթիվ կամավորագրվածներով մեկնել է Արցախ, տարբեր շրջաններում շարունակում է մասնակցել մարտական գործողություններին՝ կատարելով հայրենիքի հանդեպ իր պարտքը։
«Զորախմբի մարտիկներից մի քանիսը ստացել են հրազենային և բեկորային վնասվածքներ։ Նրանց ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն․ բարեբախտաբար, որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում։ Շարունակելու ենք մեզ պարտադրված այս պատերազմը, որի հաղթական ելքն ապահովելու համար որևէ զիջում չի լինելու, չենք ընկրկելու, չենք հուսահատվելու։ Պայքարելու ենք մինչև հաղթանակ»։
Արցախի ՊԲ-ից հայտնել են, որ գիշերը ռազմաճակատի բոլոր հիմնական ուղղություններում մարտական գործողությունները շարունակվել են:
«ՊԲ ստորաբաժանումները պաշտպանական արդյունավետ մարտեր են վարել եւ թշնամական ուժերին ռազմատեխնիկական ու մարդկային մեծաթիվ կորուստներ պատճառել արեւելյան, հարավային ու հարավ-արեւմտյան հատվածներում:
Շուշիի ուղղությամբ թշնամական գրոհային խմբերի բազմակի հարձակման փորձերը նույնպես կասեցվել են: Հակառակորդը լուրջ կորուստներ է կրել նաեւ հարավ-արեւմտյան՝ Բերձորի հատվածում: Ամբողջ օրվա ընթացքում հակառակորդը հրթիռահետանային հարվածներ է հասցրել նաեւ Արցախի խաղաղ բնակավայրերին ու քաղաքացիական ենթակառուցվածքներին: Քաղաքացիական բնակչության շրջանում կան տուժածներ: Հարձակողական գործողությունները թշնամական ուժերի կողմից ճակատային գծի բոլոր ուղղություններում շարունակվում են: Բանակային ստորաբաժանումները լիարժեք կերպով վերահսկում են օպերատիվ-մարտավարական իրադրությունը եւ քայլեր են ձեռնարկում թշնամական ուժերի հետագա հայտնաբերման եւ կրակային խոցման ուղղությամբ»:
Արցախի ԱԻՊԾ-ն լուսանկարներ է հրապարակել հրթիռակոծված Ստեփանակերտից։ Փրկարարները փլատակների տակից դուրս են բերել 3 զոհվածների մարմինները։
Գիշերը Ստեփանակերտի ինտենսիվ հրթիռակոծության հետևանքով զոհված երեք խաղաղ բնակիչները երիտասարդ եղբայրներ են` Արկադի և Էրիկ Հախումյաններն ու նրանց տատը՝ Սվետլանան, որի հիվանդ լինելու կապակցությամբ, թոռները տեսակցելու էին եկել։
«Ռազմինֆոն» լուսանկարներ է հրապարակել, որտեղ Նախիջևանից «մայրցամաքային» Ադրբեջան մեկնող հատուկջոկատայինների ստորաբաժանում է՝ «Ադրբեջանական ավիաուղիների» Airbus քաղաքացիական (!!!) ուղևորական ինքնաթիռում:
«Լուսանկարում երևացող անձը գնդապետ Թեհրան Մենսիմովն է, նա Նախիջևանում համակարգում է հատուկջոկատայիններին, ավելին 2020թ. ամռանը Նախիջևանում անցկացված թուրք-ադրբեջանական զորավարժությանը ադրբեջանական կողմից նա էր համակարգում շտաբի աշխատանքը: Արձանագրենք այն փաստը, որ Ադրբեջանը օգտագործում է իր քաղաքացիական ինքնաթիռները ռազմական նպատակներով: Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ քաղաքացիական ինքնաթիռներն օգտագործվում են նաև Սիրիայից վարձկաններ ու ահաբեկիչներ Ադրբեջան տեղափոխելու համար։ Այս փաստը լուրջ մտահոգության տեղիք պիտի տա նաև օտարերկրյա ավիաընկերություններին»,- գրել է լրատվամիջոցը:
Արցախի ԱԻՊԾ-ն հայտնել է, որ Ստեփանակերտը շարունակում է հրթիռակոծվել կասետային ռումբերով.
«Թշնամու թիրախում քաղաքն է` բնակելի շենքերով, քաղաքացիական ու հանրային ենթակառուցվածքներով»։
Իրանի ցամաքային ուժերի հրամանատար, բրիգադային գեներալ Քիումարս Հեյդարին հայտարարել է, որ ԻԻՀ զինված ուժերը կանեն հնարավոր ամեն ինչ՝ սահմանամերձ շրջաններում խաղաղությունն ու անվտանգությունը պահպանելու համար եւ չեն հանդուրժի միջազգային իրավունքի խախտում: Հեյդարին նշել է, որ Իրանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին կոչ է անում իրենց խնդիրները լուծել քաղաքական կարգավորման միջոցով: «Տարածաշրջանի աշխարհաքաղաքականության պահպանումը մեր կարմիր գիծն է, եւ ոչ մի ուժ չի կարող փոխել տարածաշրջանի աշխարհագրությունը, եւ մենք դա չենք հանդուրժի»,- նշել է նա:
ՌԴ ԱՀԾ տնօրեն Սերգեյ Նարիշկինը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի մարտերում Սիրիայից զինյալների մասնակցության վերաբերյալ Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայությունը ճշգրիտ տվյալներ էր ստացել, այդ թվում` Մերձավոր Արեւելքի երկրների գործընկեր հետախուզական ծառայություններից.
«Այս տվյալները մենք ստանում ենք մի շարք երկրներից, տարբեր աղբյուրներից եւ մեր տարբեր գործընկերներից, գործընկեր ծառայություններից Մերձավոր Արեւելքում, Միջին Արեւելքում»,- ասել է Նարիշկինը:
Վստահաբար, այս հայտարարությունը ԱՀԾ տնօրենն արել է ի պատասխան Իլհամ Ալիեւի նախօրեի հոխորտանքների։
Սերգեյ Նարիշկինը նաեւ հայտարարել է, որ թուրքական հետախուզությունը մասնակցում է Լեռնային Ղարաբաղում իրադարձություններին.
«Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը դա «զգում է» եւ տեսնում է աշխատանքի «առանձին տարրեր»», ասել է նա:
Թել Ավիվում հայ համայնքը բողոքի ակցիա է անցկացրել քաղաքապետարանի շենքի դիմաց: Ակցիայի մասնակից, քաղաքագետ Մենդել Կորսունսկին հայտարարել է. «Մենք ունենք մեկ պահանջ. Իսրայելը պետք է դադարեցնի Ադրբեջանին զենքի վաճառքը: Իսրայելական հրթիռները, դրոնները Ադրբեջանի սպառազինության կազմում են եւ օգտագործվում են խաղաղ բնակչության դեմ»:
ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնել է, որ ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումները ժամը 11:30-ի սահմաններում հարավարևելյան ուղղությամբ խոցել են հակառակորդի ԱԹՍ:
«Զինուժ» մեդիան ռեպորտաժ է պատրաստել կին հետախույզի մասին. մեկ տարեկան երեխայի մայրը պատերազմի առաջին իսկ օրից որպես հատուկ հետախուզական ջոկատի հրամանատարի տեղակալ, կռիվ է տվել թշնամու դեմ:
«Երեխայից հեռու գտնվելն ամենադժվարն էր ինձ համար: Վայրկյան չկար, որ իր մասին չմտածեի, շատ էի կարոտում: Մի անգամ հեռախոսը տվեցին երեխային, որ ձայնը լսեմ, սկսեց լացել: Ավելի շատ նեղվեցի եւ էլ չզանգեցի»,- ասել է երիտասարդ կինը, որի ամուսնիը եւս առաջնագծում է:
«Զինուժ մեդիան» ռեպորտաժ է պատրաստել 11-ամյա Աշոտի մասին, որը մեքենան ինքնուրույն վարելով՝ Արցախից Երեւան է հասցրել ընտանիքին եւ հարեւաններին։ Սահմանին կռվող սպայի այս փոքրիկ ընտանիքի համար պատերազմը սկսվեց սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան, երբ մեկը մյուսի հետեւից մահաբեր արկերը սկսեցին թափվել Զինավանի շենքերի վրա։
«Մեր ճանապարհի վրա երկրորդ հարվածը եղավ, տղաներին հանեցի քնից, ասացի՝ հագնվեք, կրակում են։ Իրենք այդ տագնապին սովոր են, արագ հագնվեցին։ Զուգահեռ զանգեցի ամուսնուս, հարցրի՝ ինչ է կատարվում, ասաց՝ Աշոտիկին ասա՝ ավտոն քշեք շատ արագ դուրս եկեք»,- պատմում է տիկին Զմրուխտը։ Այնուհետեւ նա հարեւաններին՝ նրանց մանկահասակ երեխաներով տեղավորում է ամուսնու մեքենայում։ 4 մեծահասակներին եւ 9 երեխաներին հրետակոծվող Զինավանից դուրս բերելու առաքելությունը ակամա ստանձնում է 11- ամյա Աշոտը։ Նա պատմել է, որ կանխատեսելով դեպքերի զարգացման նման հնարավորությունը՝ հայրը դեռեւս 3 տարի առաջ էր իրեն մեքենա վարել ուսուցանել։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի Անվտանգության խորհրդի անդամների հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը։ Պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ շարունակվել է Ղարաբաղի շուրջ իրավիճակի, ինչպես նաեւ կարգավորման ջանքերի վերաբերյալ կարծիքների փոխանակումը։
Տիգրանակերտի արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը հայտնել է, որ Ադրբեջանը հրետակոծել է Տիգրանակերտի հնագիտական ճամբարը։ Նա նաեւ լուսանկարներ է տեղադրել եւ ահազանգել Արցախում մշակութային ցեղասպանության մասին։
Մամուլը հայտնել է, որ ադրբեջանական քարոզչամեքենան հերթական ապատեղեկատվությունն է տարածել՝ այս անգամ տեսանյութի տեսքով։ Կադրերում երևում է մզկիթից կախված ադրբեջանական դրոշը։ Այն ներկայացվում էր որպես ադրբեջանական բանակի՝ Շուշի ներխուժման ապացույց։ Մինչդեռ բավարար է ընդամենը համեմատել դրանում առկա շինությունը Շուշիի Գյովհար Աղայի վերին մզկիթի հետ եւ կերեւա, որ Շուշիի մզկիթը բոլորովին այլ ճարտարապետական տեսքն ունի։
Իրականում հակառակորդն արդեն Շուշիում էր։
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը Ֆեյսբուքում գրել է.
«Մինչ մենք «մտածում» ենք միջազգային կառույցներին, միջազգային իրավունքի օգնությանը ԴԻՄԵԼ - ՉԴԻՄԵԼՈՒ շուրջ, ադրբեջանցիները արդեն պրոադրբեջանական բանաձև մտցրեցին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեա։ Լավ, ինչքա՞ն պիտի ասենք, էլ ո՞նց պիտի ասենք, որ ինչքան դիվանագիտությունն ու իրավունքը ցածր ու անվստահ են խոսում, այդքան հրանոթներն են բարձր հնչում»:
ԱՊՀ երկրների վարչապետերի խորհրդի նիստին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարել է, որ շարունակվում է Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան, Թուրքիայի ռազմաքաղաքական աջակցությամբ ու ահաբեկիչների ներգրավմամբ: «Բոլորի աչքի առջև Ադրբեջանը դառնում է հենակետ ԱՊՀ տարածք ահաբեկիչների ներթափանցման համար: ԼՂ բոլոր բնակավայրերը, ներառյալ մայրաքաղաք Ստեփանակերտը և Շուշին, քաղաքացիական ենթակառուցվածքները, առողջապահական հիմնարկները, դպրոցները, մանկապարտեզները, կրոնական, պատմամշակությային հուշարձանները Ադրբեջանի ԶՈւ կողմից ենթարկվում են հրթիռահրետանային հարվածների: Ադրբեջանական կողմը կիրառում է արմատական ահաբեկչական խմբավորումներին բնորոշ մեթոդներ, ինչպիսիք են՝ գերիների խոշտանգումները, ցուցադրական գնդակահարությունները և գլխատումները, սպանվածների մարմինների պղծումը: Ադրբեջանի ղեկավարության խղճին են մի շարք ռազմական հանցագործություններ, որոնք միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ խախտում են: Աղրդբեջանը վաղուց պետք է հասկանար, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը ռազմական լուծում չունի, և որ ԱՊՀ-ն ստի և կեղծիքի տարածման հարթակ չէ»:
ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը ՏԱՍՍ-ին հայտարարել է, որ Երեւանը պատրաստ է ցանկացած երկրի դեսպանին առերես ցույց տալ Լեռնային Ղարաբաղում գերեվարված գրոհայիններին։ Նրա խոսքով՝ արդեն այսօր փաստ է, որ Ղարաբաղում ահաբեկիչներ են գործում.
«Մեզ մոտ կան գերի վարձկաններ Սիրիայից եւ Լիբիայից, որոնք ամեն ինչի մասին պատմում են»,- ասել է Սիմոնյանը։
Ըստ ամենայնի, Ա.Սիմոնյանն այս հայտարարությունն արել է ի պատասխան Իլհամ Ալիեւի նախօրեի հոխորտանքների, թե «Լավրովը հավատացել է վարձկաններ բերելու մասին շշուկներին»։ Ավելացնենք, որ գերեվարված 2 գերին էլ միայն Սիրիայից էին։
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքում գրել է.
«Քիչ առաջ հանդիպել եմ Արցախի ԱԺ խմբակցությունների հետ: Քննարկել ենք ստեղծված իրավիճակը և դրանից բխող հնարավոր քաղաքական որոշումների կայացման հետ կապված հարցեր: Այս պայմաններում խիստ կարևոր է պետական բոլոր մարմինների միասնական ու ներդաշնակ աշխատանքը՝ հանուն Հայրենիքի պաշտպանության սուրբ գործի»։
Արցախի հանրային ՀԸ-ն ռեպորտաժ է պատրաստել Թաղավարդից։ Գրեթե ամեն օր թշնամին փորձում է շրջափակման մեջ առնել գյուղը.
«Մի քանի ժամ տեւող հրետակոծությունից հետո լսվում են մեր գնդացրորդների ու հրետանավորների կրակոցների ձայները։ Դա նշանակում է հակառակորդի հետեւակն անցել է առաջխաղացման: Նրանց շարժն ապահովում են վարձկան դիպուկահարները։ Գյուղի պաշտպանների դիմադրությունը հզոր է, խոցում են անվրեպ։ Թշնամու կողմից ողջ մնացածները կրկին անկանոն փախուստի են դիմում դեպի ելման դիրքեր»։
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ներկայացրել է արտահերթ զեկույց՝ Սյունիքի մարզի Դավիթ Բեկ և Ագարակ գյուղերի խաղաղ բնակչության նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի հարձակումների վերաբերյալ:
«Ադրբեջանի ԶՈւ հարձակումներն իրական վտանգ են խաղաղ բնակիչների համար, արձանագրվել են նրանց կյանքի, առողջության, սեփականության և այլ իրավունքների կոպիտ խախտումներ, հարձակումներից վնասվել են 38 բնակելի տուն, 2 գոմ, 20 խոշոր եղջերավոր անասուն, 5 տրանսպորտային միջոց: Վնասվել են նաև գյուղի գերեզմանաքարերը: Զոհվել է 1 քաղաքացիական անձ, 2-ը վիրավորվել են: Ագարակ գյուղում վնասվել են քաղաքացիական տներ և ենթակառուցվածքներ: 2 խաղաղ բնակիչ ստացել է մարմնական վնասվածքներ», նշվել է զեկույցում:
ՀՀ նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանը հանդես է եկել ուղերձով, որտեղ նշել է, որ 90-ականներին ավելի վատ դրության մեջ ենք եղել, բայց հաղթել ենք միասնության շնորհիվ։ Նա հորդորել է քաղաքական ուժերին, քաղաքական եւ հասարակական գործիչներին. «Եղե՛ք ժողովրդի պես միասնական ու համախմբված, հետեւե՛ք ժողովրդի օրինակին»։
Շնորհակալություն հայտնելով Սփյուռքին՝ օգնության համար, նա կոչ է արել շարունակել աջակցությունը՝ նյութապես ու բարոյապես, կապերով ու գիտելիքով, ձեր անմիջական մասնակցությամբ կամ հեռավոր ներկայությամբ:
«Միասի՛ն ենք կերտելու մեր հաղթանակը», ասել է Արմեն Սարգսյանը:
ՄԱԿ-ի՝ «Պատերազմներում և զինված բախումներում շրջակա միջավայրի շահագործումը կանխելու» միջազգային օրվա առիթով շրջակա միջավայրի նախարարությունն անդրադարձել է պատերազմի օրերին Արցախի և Հայաստանի անտառային և բնության հատուկ պահպանվող տարածքներում հրետակոծությունների և քիմիական տարր պարունակող ֆոսֆորային ռումբերի կիրառման հետևանքով առաջացած բնապահպանական վնասներին։
«Արցախի տարածքում ոչնչացվել է ավելի քան 1800 հեկտար անտառածածկ տարածք։ Ադրբեջանական կողմի բարբարոսական գործողությունների արդյունքում տուժել են նաև Հայաստանի տարածքի անտառային խոշոր հատվածներ, այդ թվում նաև բնության հատուկ պահպանվող տարածքներ, մասնավորապես «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ենթակայության տակ գտնվող անտառները»,- ՇՄՆ-ն թվարկել է տուժած հատվածները եւ ամփոփել.
«Վերջին շրջանում Ադրբեջանը սկսեց ակտիվորեն կիրառել նաև բնապահպանական լրջագույն ռիսկեր առաջացնող, քիմիական տարր պարունակող ֆոսֆորային զինատեսակներ, որոնք կարող են ոչ միայն անդառնալի հետևանքներ ունենալ մարդու օրգանիզմի վրա, այլև աղետալի ազդեցություն՝ շրջակա միջավայրի համար։ ՇՄՆ-ն ևս մեկ անգամ կոչ է անում միջազգային բնապահպանական խոշոր կառույցներին անհապաղ քայլեր ձեռնարկել՝ ՀՀ և ԱՀ տարածքում Ադրբեջանի էկոցիդը կանգնեցնելու և արգելված զինատեսակներ և միջոցներ կիրառող կողմին խստագույն պատասխանատվության կանչելու ուղղությամբ»։
ՀՀ ոստիկանությունը շարունակել է ներկայացնել ռազմական դրությամբ պայմանավորված ԶԼՄ-ներին տուգանելու թարմացված վիճակագրությունը։ Նոյեմբերի 6-ի ժամը 15-ի դրությամբ, հայտնաբերվել է արգելված հրապարակումների 390 դեպք, որոնցից 171-ը՝ լրատվական գործունեություն իրականացնողների, 219-ը՝ լրատվական գործունեություն չիրականացնող անձանց կողմից։ Հարուցված վարչական վարույթների արդյունքում 72-ով արդեն կիրառվել են վարչական տույժեր, այսինքն խոշոր տուգանքներ են գանձվել՝ 300 հազարից մինչեւ 1,5 մլն դրամ։
Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուքում գրել է.
«Շուշիի մերձակայքում մարտերը շարունակվում են»։
Ուրուգվայի ամենամեծ նահանգներից Փայսանդուի խորհրդարանը միաձայն ընդունել է Արցախի անկախությունը։
ՀՀ քննչական կոմիտեից հայտնել են, որ քրեագիտական վարչությունում շարունակվում է Արցախի Ադրբեջանի սանձազերծած և վարվող ագրեսիվ պատերազմում գործած ռազմական հանցագործությունների գործերով քնությունը։ Ներկայացվել են գործով ձեռք բերված ապացույցները, մասնավորապես վարձկան ահաբեկիչների ներգրավելու մասին։
Արցախի ԱԻՊԾ-ն հայտնել է, որ խաղաղ բնակչության նկատմամբ Ադրբեջանը շարունակում է պատերազմական հանցագործությունները.
«Օրվա ընթացքում (կեսօրից հետո) կասետային հրթիռներ են արձակվել Ստեփանակերտի ուղղությամբ, ավերել ու նյութական մեծ վնաս պատճառել բնակիչներին։ Հրթիռներն ընկել են բնակելի տների վրա ու շենքերին հարող տարածքներում, վնասել տանիքները, պատշգամբներն ու ջարդել լուսամուտները։ Թշնամական ուժերի հաջորդ թիրախը Շուշին է։ Ադրբեջանաթուրքական հանցավոր ագրեսիայի հետևանքով Արցախի մշակույթի մայրաքաղաքում ևս ավերածություններն ու վնասների չափն անհաշիվ են»:
Արծրուն Հովհաննիսյանը եւս մեկ գրառում է արել Շուշիի համար ընթացող մարտերի մասին.
«Քարինտակցիք կրկին ապացուցեցին, որ հերոսներն են, Հայոց պատմության նոր Զեյթունցիներն են։ Մենք ձեր նմանների շնորհիվ #Հաղթելուենք»:
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հրապարակել է հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալները. 257 ԱԹՍ, 16 ուղղաթիռ, 25 ինքնաթիռ, 736 միավոր զրահատեխնիկա, 6 «ՏՈՍ» և ունի 7405 սպանված:
Հիշեցնենք, որ ԵԽԽՎ բանաձեւում հրապարակված տվյալներով՝ պատերազմից հայկական կորուստները կազմել են 3900, ադրբեջանական կողմինը՝ 2900 մարդ։ Հնարավոր է, որ Բաքուն նվազեցրել է իր զոհերի թիվը, բնականաբար, հաշվառված չեն վարձկան ահաբեկիչները եւ թուրք զինվորականները։ ՊԲ զոհված զինծառայողների եւ հակառակորդի կորուստների ներկայացվող վիճակագրությամբ հանրությունը տպավորություն էր ստանում, որ Ադրբեջանի կորուստները մի քանի անգամ ավելի են։ Որոշ աղբյուրներ էլ պնդում են, ադրբեջանական կողմից սպանվածների թիվը հասնում է մինչեւ 18 հազարի։
Նշենք նաեւ, որ արդեն մի քանի օր հայկական կողմի զոհվածների ցուցակներ չէին հրապարակվում։
ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը Ֆեյսբուքում գրել է.
««Լուսավոր Հայաստան» խմբակցությունը դիմել է ՀՀ կառավարություն ու խորհրդարանականներին՝ առաջարկելով պատգամավոր Մխիթար Հայրապետյանի կողմից շրջանառության մեջ դրված և այնուհետև հետաձգված նախագծի հրատապ քննարկման և ընդունման գործընթացի նախաձեռնումը՝ նախագծում ռազմական դրության ժամանակ անհայտ կորած անձանց կարգավիճակը հստակեցնող և զինծառայողին հասանելիք դրամական ապահովության՝ նրանց ընտանիքի անդամներին հասանելի դարձնելու ընթացակարգեր սահմանող կարգավորումներ նախատեսելով, ինչպես նաև կամավորագրվածների կամ աշխարհազորայինների նկատմամբ համարժեք մոտեցում ցուցաբերելով»։
ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը ուղերձ է հղել Ստեփանակերտի բնակելի թաղամասերից մեկից, որտեղ Ադրբեջանի հրթիռակոծության հետեւանքով սպանվել են տարեց կինն ու նրա երկու թոռները.
«Ադրբեջանն ու Թուրքիան շարունակում են իրականացնել պատերազմական հանցագործություններ՝ թիրախավորելով Արցախի խաղաղ բնակչությանը»,- ասել է Բեգլարյանը։
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի ակտիվների եւ պարտավորությունների կառավարման հանձնաժողովը 2020 թվականի նոյեմբերի 6-ին կայացած նիստում որոշում է կայացրել սահմանված կարգով կատարել հատուցումներ ս.թ. սեպտեմբերի 27-ից հետո տեղի ունեցած 10 դեպքերի մասով։
Ընդամենը։
«Շողակաթ» հեռուստաընկերությունը տեսանյութ է հրապարակել, թե հրետակոծության տակ ինչպես են զինվորականներն ու հոգեւորականներն Արցախում տեղադրում են եկեղեցու խաչը։
ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը Ֆեյսբուքում լուսանկար է հրապակել ու գրել.
«Քաջիկ Արշակյանն է, հրամանատարն իր տանկով խոցել է հակառակորդի 4 տանկ»։
ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Միքայել Մելքումյանը եւ Շաքե Իսայանն առաջարկել են «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին» ուղղվող վճարի չափը մեծացնել՝ ամսական 1000 դրամից դարձնել 3000 դրամ, սակայն նաեւ նշել, թե ԲՀԿ-ի համար համահարթ վճարման տարբերակը ընդունելի չէ, որն անկախ աշխատավարձի չափից 3000 դրամ է բոլորի համար, ուստի իրենք նախագծով առաջարկել են կիրառել վճարումների պրոգրեսիվ մեթոդ:
ԲՀԿ-ական պատգամավորներն առաջարկել են՝ մինչեւ 150 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղաքացին հիմնադրամին վճարի 1000 դրամ, 150 հազարից մինչեւ 300 հազար դրամ աշխատավարձ ստացողները՝ 2000, 300-ից մինչեւ 500 հազար դրամ աշխատավարձ ստացողները՝ 3000, 500-ից մինչեւ 1 մլն դրամ աշխատավարձ ստացողները՝ 6000, իսկ 1 մլն կամ ավելի դրամ աշխատավարձ ստացողները՝ 12 հազար դրամ։
ՀՀ ԱԱԾ-ն հայտարարել է, որ փաստարկված նոր տվյալներ է ձեռք բերել, որ Ադրբեջանի ԶՈւ կազմում ռազմական գործողություններին վարձկանների մասնակցության մասին։ Ծառայությունը նշել է, որ նրանք ադրբեջանաթուրքական ֆինանսավորմամբ գործող «ան-Նուսրա», «Սուլթան Մուրադ», «Հայաթ Թահրիր աշ–Շամ», «Հուրաս ադ-Դին» ահաբեկչական խմբավորումների զինյալներն են, եւ հրապարակել նրանց անունները։
NEWS.am-ը ռեպորտաժ է պատրաստել զոհված հերոսներից տանկիստ Հակոբի մասին, որը մինչեւ պատերազմը մասնակցում էր «Կովկաս 2020» զորավարժություններին։ Սեպտեմբերի 30-ին վերադարձել ու միանգամից դեպի առաջնագիծ է գնացել։ Հաղթանակի համար պայքարող 19-ամյա ժամկետային զինծառայողի անունը հոկտեմբերի 19-ին Արցախի ՊԲ հրապարակած զոհված զինծառայողների ցուցակում էր։
ANNA-NEWS տելեգրամ-ալիքը հայտնել է, որ Շուշիում «լուրջ մարտեր են ընթանում. իրավիճակը բարդ է»:
«Սակայն կա մի բան, որն անհնար է չնկատել: Վերջապես ԼՂ ՊԲ-ն տեխնիկա է կիրառել մարտում: Իսկ դա նշանակում է, որ օդը հուսալիորեն փակ է: Դեռեւս մեկ շաբաթ առաջ դա պատկերացնելն անգամ բարդ էր: Այժմ ԱԹՍ-ներն աշխատում են հակառակորդի ուղղությամբ: Դա նշանակում է, որ Ադրբեջանի ԶՈՒ տեխնիկական գերազանցությունն աստիճանաբար նվազում է: Առաջնագծում զինվորները ոգեշնչվել են, քանի որ նրանց գլխավերեւում այլեւս ԱԹՍ-ների շուրջօրյա «բզզոց» չկա»,- գրել է ալիքը:
Արծրուն Հովհաննիսյանը հերթական գրառումն է արել.
«Հայեր, Շուշին չի ընկնելու»։
Առանց մեկնաբանության։
Երեկոյան ավանդական ճեպազրույցում Արծրուն Հովհաննիսյանը հայտարարել է, որ ՊԲ ստորաբաժանումները փայլուն կերպով են դրսեւորվել.
«Թշնամին, թողնելով տասնյակ, եթե ոչ հարյուրավոր դիեր Շուշիի ճանապարհին, ոչնչացվել է: Հերոսաբար են դրսեւորվել Քարինտակի եւ այլ մերձակա գյուղերի պաշտպանները: Թշնամին գործադրել է էլիտար ստորաբաժանումներ, որոնք լավ զինված են եւ կարող են վարել երկարաժամկետ մարտեր: Քաղաքի պաշտպանության գործողությունը շարունակվում է: Եթե 1992 թվականի մայիսի 8-ը դարձել է քաղաքի ազատագրման օր, ապա այս օրերը մեր ժողովրդի պատմության մեջ կմտնեն որպես Շուշիի պաշտպանության օրեր: Ընդհանուր առմամբ իրավիճակը փոխվել է: Մարտերը շարունակվում են, սակայն դրանց ինտենսիվությունը թուլացել է: Դիվերսիոն խմբերը ոչնչացնելու ռազմական գործողությունը շարունակվում է: Թշնամին ապարդյուն փորձում է գրավել կարեւոր ճանապարհային հանգույցները»,- նշել է Հովհաննիսյանը:
Առանց մեկնաբանության։
Մեկնաբանելով ՌԴ ԱՀԾ ղեկավար Սերգեյ Նարիշկինի հայտարարությունը, որ թուրքական հետախուզությունը մասնակցում է Լեռնային Ղարաբաղում գործողություններին, Արծրուն Հովհաննիսյանը հայտարարել է, որ Ղարաբաղյան պատերազմում գործադրվել է ոչ միայն թուրքական հետախուզությունը, այլեւ ամբողջ Թուրքիան:
«Խոսքը վերաբերում է առանձին թուրքական ստորաբաժանումներին: Ղարաբաղում Ադրբեջանի զինված ուժերի կողմից ռազմական գործողությունների կառավարումը գրեթե բացակայում է, սակայն կա Թուրքիայի ԳՇ կառավարումը, որն օգտագործում է վարձկաններին առաջադրված խնդիրները լուծելու համար»,-նշել է Հովհաննիսյանը:
Հայաստանի եւ Արցախի մարդու իրավունքների պաշտպանները հրապարակել են համատեղ զեկույց ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախում հրկիզող, քիմիական տարրեր պարունակող (հնարավոր է՝ սպիտակ ֆոսֆոր) զանգվածային ոչնչացման զինատեսակ կիրառելու վերաբերյալ:
«Արտահերթ զեկույցի հետեւությունները հիմնված են զեկույցում ներկայացված ապացույցներով (քաղաքացիական բնակիչների մարմինների վնասվածքների 18+ լուսանկարներով, քարտեզային ցուցադրող պատկերներով եւ այլն): Համատեղ ուսումնասիրությունները հաստատել են, որ հրկիզող զինատեսակն օգտագործվել է Արցախի քաղաքացիական օբյեկտների եւ անտառների դեմ՝ առաջացնելով երկարաժամկետ ծանր հետեւանքներ խաղաղ բնակչության եւ շրջակա միջավայրի համար: Զանգվածային ոչնչացման հրկիզող զինատեսակի կիրառման շատ դեպքերում (օրինակ՝ Ննգի, Սղնախ, Ակնաղբյուր, Թաղավարդ, Տող, Քարին Տակ եւ այլ համայնքներում) անտառները գտնվում են բնակավայրերին անմիջականորեն մոտ. օրինակ` անգամ 100 մետր հեռավորությամբ: Հետեւաբար, խոսքը նաեւ քաղաքացիական բնակչության կյանքի եւ առողջության համար անխուսափելի երկարաժամկետ վնասի մասին է:
Արցախի գրեթե բոլոր շրջաններում վնասվել է ընդհանուր շուրջ 1815 հեկտար անտառապատ տարածք: Հաշվի առնելով զինատեսակի առանձնահատկությունները, այս թիվը կարող է աճել նույնիսկ եթե այն այլեւս չշարունակվի կիառվել: Կիրառված զինատեսակն ունի զանգվածային ոչնչացման բնույթ, այն պարունակում է քիմիական տարրեր, զինատեսակը կիրառվում է անտառների նկատմամբ եւ առաջացնում է զանգվածային հրդեհներ ու երկարաժամկետ ծանր վնաս շրջակա միջավայրի համար, այս զինատեսակի առաջացրած հրդեհը չի մարում անգամ այն մարող նյութերով կամ ջրով՝ ըստ մասնագիտական գնահատականների, անտառները, որոնց նկատմամբ կիրառվել են այս նյութերը, գտնվում են քաղաքացիական բնակավայրերն անմիջականորեն մոտ, այս զինատեսակի օգտագործումը քաղաքացիական օբյեկտների դեմ արգելված է միջազգային իրավունքով եւ կարող է հանգեցնել պատերազմական հանցագործության»,- հայտնում է ՄԻՊ-ը։
Beringer AERO ընկերությունը հայտարարել է, որ դադարեցնում է իր դետալների մատակարարումները թուրքական անօդաչուների համար: Ընկերության հայտարարության մեջ ասվում է, որ Թուրքիայում մատակարարումը դադարեցվել է, երբ տեղեկատվություն է ստացվել ԱԹՍ-ների՝ Լեռնային Ղարաբաղում հայկական ուժերի դեմ օգտագարծման մասին, որոնց վրա տեղադրված են Beringer AERO-ի մասեր:




























