Ուրբաթ Ավստրիայի կանցլեր Ալեքսանդեր Շալենբերգը հայտարարել է կորոնավիրուսի դեմ չպատվաստվածների համար ազգային լոքդաուն սահմանելու մասին, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
Վերջին օրվա ընթացքում Ավստրիայում հայտնաբերվել է կորոնավիրուսի 11 798 նոր վարակակիր եւ գրանցվել մահվան 40 դեպք: Նախօրեին գրանցվել է երկրում մեկ օրում վարակվածության նոր ռեկորդ՝ 11 975 դեպք մեկ օրվա ընթացքում:
Ավստրիայի կանցլերը հայտնել է, որ գալիք հանգստյան օրերին կկայանա շրջանների ղեկավարների հետ դաշնային կառավարության հանդիպումը, ինչպես նաեւ խորհրդարանի արտահերթ նիստը:
«Նպատակը պարզ է. գալիք կիրակի «կանաչ լույս» կտրվի չպատվաստվածների համար ազգային լոքդաուն սահմանելու համար»,-հայտարարել է Շելենբերգը մամուլի ասուլիսի ժամանակ:
Նրա խոսքով՝ համաճարակաբանական իրավիճակի զարգացումն այլեւս թույլ չի տալիս հապաղել, ուստի նա կցանկանար, որպեսզի չպատվաստվածների համար լոքդաունի մասին որոշումն արդեն կիրակի ընդունվի բոլոր դաշնային հողերում:
«Բնակչության մեծամասնությունը ճիշտ է վարվել՝ պաշտպանվել է (պատվաստվել), այժմ մենք պետք է պաշտպանենք նրանց»,-նշել է Շալենբերգը:
Ավստրիայում նոյեմբերի 8-ից գործում են կորոնավիրուսի դեմ չպատվաստվածների համար սահմանափակումները: Ռեստորաններ, հյուրանոցներ, գեղեցկության եւ մերսման սրահներ մուտք գործելու համար անհրաժեշտ է ներկայացնել կամ պատվաստվելու մասին հավաստագիր, կամ հիվանդության մասին ապացույց: Մեկ ամսվա ընթացքում կընդունվի պատվաստանյութի առաջին դեղաչափը ստանալու եւ ՊՇՌ թեստի համադրությունը, սակայն թեստն այլեւս չի գործի:





























