Ուրբաթ PLD Space մասնավոր ընկերությունը ներկայացրել է բազմակի կիրառման ենթաուղեծրային Miura 1 հրթիռակիրը, որն առաջին անգամ ստեղծվել է Իսպանիայում, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Առ այսօր Իսպանիան կարողանում էր կառուցել միայն նավեր ու ինքնաթիռներ, այժմ մենք կարող ենք կառուցել նաեւ հրթիռներ»,-Մադրիդում կայացած շնորհանդեսի ժամանակ հայտարարել է PDL Space ընկերության համահիմնադիր Ռաուլ Թորեսը:
«Իսպանիան կարող է ներկայանալ որպես համաշխարհային ներուժ ունեցող 14 երկրներից մեկը»,-հավելել է նա:
Ընկերության մյուս համահիմնադիր Ռաուլ Վերդուի խոսքով՝ հեղինակները բախվել են բազմաթիվ տեխնիկական մարտահրավերների հետ, քանի որ պետք է ստեղծեին գրեթե բոլոր տեխնոլոգիաները զրոյական կետից:
Հրթիռի արձակումը նախատեսվում է 2022 թվականին Էլ Արենոսիլյո (Ուելվա) փորձարկման կենտրոնի հրապարակից: Հրթիռը կարող է կրել մինչեւ 100 կգ օգտակար ծանրություն եւ բարձրանալ մինչեւ 153 կմ բարձրության վրա 122 վայրկյանում:
Հեղինակները հայտարարում են, որ Miura 1-ն առաջին ենթաուղեծրային հրթիռն է, որը ստեղծված է Երվոպայում մասնավոր ընկերության կողմից:
«Մեր առաջին տիեզերական համակարգն ամբողջովին մշակվել է PLD Space-ի կողմից, որպեսզի օգտակար բեռներ տեղափոխի տիեզերք եւ անվտանգ վերադարձնի դրանք»,-հայտարարել են այնտեղ:
PLD Space-ն իսպանական առաջին մասնավոր ընկերությունն է, որը հիմնադրվել է 2011 թվականին բազմակի կիրառման հրթիռներ ստեղծելու նպատակով:
MIURA 1-ը 12,5 մերտ բարձրությամբ եւ 0,7 մետր տրամագծով միաստիճան հրթիռ է: Այն համալրված է վերականգնման համակարգով՝ շարժիչների ու պարաշյուտերի կիրառմամբ, որոնք թույլ են տալիս հանել այն օվկիանոսից եւ կրկին օգտագործել:
Miura 1-ի արձակումը նախատեսվում էր իրականացնել նախորդ տարի, սակայն շարժչի փորձարկման կապակցությամբ խնդիրների պատճառով հետաձգվել է:
Ընկերության գլխավոր նպատակն առավել խոշոր Miura 5 հրթիռի մշակումն է, որը նախատեսված է 300 կգ օգտակար բեռներ դեպի երկրամերձ ուղեծիր փոխադրելու համար: Դրա արձակումը նախատեվում է 2024 թվականին Քուրու տիեզերակայանից (Ֆրանսիական Գվիանա):





























