Թաիլանդի թագավոր Մախա Վաչիրալոնգքորն Ռամա X-ը վերադարձել է Գերմանիա ավելի քան 250 մարդու եւ 30 պուդելի ուղեկցությամբ, հաղորդում է Independent-ը:
69-ամյա միապետը մասնավոր ինքնաթիռով ժամանել է Մյունխեն երկուշաբթի՝ նոյեմբերի 8-ին: Թագավորը կանգ է առել օդանավակայանի հյուրանոցում 11 օրով եւ վարձակալել շենքի չորրորդ հարկն ամբողջությամբ: Ֆոտոթղթակիցները նկատել են Ռամա X-ին լողավազան գնալիս:
Գերմանիա կատարած այցը դարձել է թագավորի առաջին պաշտոնական ուղեւորությունը դեպի արտերկիր քաղաքացիական բողոքի ցույցերից եւ թագավորին վիրավորանք հասցնելու մասին օրենքի քննադատությունից հետո: Թաիլանդական օրենքներով՝ միապետին եւ նրա մերձավորներին ուղղված զրպարտանքը, վիրավորանքը կամ սպառնալիքը պատժվում է մինչեւ 15 տարի ժամկետով ազատազրկմամբ: Չորեքշաբթի՝ նոյեմբերի 10-ին, երկրի սահմանադրական դատարանը ճանաչել էր ցուցարարների պահանջները որպես իրավունքների ու ազատությունների չարաշահում, եւ պետության անվտանգության վտանգում:
Թագավորին նաեւ մեղադրել են, որ նա բացակայել է երկրից 2020 թվականի ապրիլին եւ մայիսին: Մախա X-ը COVID-19-ի համավարակի ժամանակ եղել է Գերմանիայում՝ Grand Hotel Sonnenbichl 4-աստղանի հյուրանոցում: Երբ ուղեւորության մասին լուրը տարածվել էր սոցցանցերում, վրդովված թաիլանցիները Twitter-ում ստեղծել էին հեշթեգ, որը թաիլանդերենից թարգմանավար նշանակում է «Ինչի՞ն է պետք թագավորը»:





























