Բարձրավան գյուղում երկու ծանր հիվանդ կա այս պահին, սպասում ենք իրենց հարազատների պատասխանին, եթե համաձայնություն տան, իրենց տեղափոխենք Կապանի բժշկական կենտրոն։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է Բարձրավանի գյուղապետ Օնիկ Ավագյանը։

«Հիվանդներից մեկը ինսուլտի նախանշաններ ունի, մյուսի  մոտ լուրջ առողջական խնդիրներ են, դիալիզ պետք է ստանա։ «Գորիս» բժշկական կենտրոն տեղափոխելու հնարավորություն չկա, հավանաբար կտեղափոխեն Կապան։ Պայմանավորվածություն կա, որ այսուհետ շտապօգնության ահազանգերը սպասարկեն Կապան բժշկական կենտրոնից, այդ ճանապարհին գոնե մեր սահմանապահներն են»,- նշել է գյուղապետը։

Ավագյանը հայտնել է, որ երեկ Գորիսից ուսուցիչները կարողացել են հասնել գյուղ և իրականացրել դասապրոցես. «Տնօրենի անձնական մեքենայով, այլընտրանքային ճանապարհով, մեքենան ջարդելով եկել, հասել են երեկ, բայց վաղը ոնց կլինի, չգիտեմ։ Հացի հետ կապված խնդիրը ևս լուծվել է, հացի մեքենան այլընտրանքային ճանապարհով հաց է հասցրել»։

Հարցին` տեղյա՞կ է ՝ինչ արտարժույթով և որքան մաքսատուրք պետք է վճարեն, Ավագյանը նկատել է. «Ես կարծում եմ բոլորը կսկսեն օգտվել այլընտրանքային ճանապարհից, ոչ ոք չի պատրաստվում իր սեփական տարածքում թուրքին գումար վճարել»։

Ինչ վերաբերում է գյուղացիների ընդհանուր տրամադրություններին և առկա անհանգստությանը, Օնիկ Ավագյանը պատասխանել է.

«Պանիկա, որպես այդպիսին, չկա, բայց անհանգստություն կա, մարդիկ մտածում են, որ, Աստված չանի, մի լուրջ առողջական խնդիր առաջանա, ինչ պետք է անեն։ Ձմեռ է, գյուղացիները պարենի խնդիր չունեն, հիմնականում ձմեռվա պաշար ունեն նկուղներում, հացի մատակարարման խնդիրն է հիմնական դժվարությունը։ Գյուղացիները ստեղծված իրավիճակից են հիմնականում նեղվում»։