Մեկ տարում ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում ոչնչացրել են ավելի քան 26 000 պայթուցիկ սարք։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
Ռուսական խաղաղապահ զորախմբի հումանիտար ականազերծման ստորաբաժանման զինծառայողները շարունակում են տարածքները եւ սոցիալական ենթակառուցվածքները պայթուցիկ օբյեկտներից մաքրելու աշխատանքները։
«2020 թվականի նոյեմբերի 23-ից մինչ օրս ռուսական խաղաղապահ զորախմբի հումանիտար ականազերծման ստորաբաժանումները ականազերծել են ավելի քան 2300 հեկտար տարածք, ինչպես նաեւ 683 կմ ճանապարհ, մոտ 2000 շենք: Ընդհանուր առմամբ հայտնաբերվել եւ վնասազերծվել է ավելի քան 26 000 միավոր զինամթերք»,-ասել է խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Իլյա Ստոլիչնին։
Նշվում է, որ տեղանքի մաքրման ժամանակ զինվորական ինժեներները կիրառել են ինժեներական հետախուզության եւ պաշտպանության նորագույն միջոցներ՝ ԻՄՊՍ-2 ականորսիչներ, ՕՎՌ-2 սակրավորի պաշտպանիչ կոստյում, «Կորշուն» պայթուցիկ սարքերի շարժական որսիչ, ինչպես նաեւ դժվար հասանելի տեղանքում ներգրավվել են ականներ հայտնաբերող շներ։


























