Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն ու բրիտանական գահի թագաժառանգ արքայազն Չարլզը մասնակցել են Հիշատակի օրվա արարողությանը՝ ծաղիկներ խոնարհելով Քենոթաֆի տարածքում, որը խորհրդանշում է Լոնդոնի կենտրոնում ընկած զինվորների հիշատակը: Համապատասխան կադրերը ցուցադրվել են կիրակի Բի-բի-սի ընկերության եթերում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Արարողությանը նաեւ մասնակցել են ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Քիր Սթարմերն ու Միացյալ Թագավորության նախկին վարչապետեր Ջոն Մեյջորը, Թոնի Բլերը, Գորդոն Բրաունը, Դեւիդ Քեմերոնն ու Թերեզա Մեյը: Բարձրաստիճան հյուրերը Մեծ Բրիտանիայի բնակիչների հետ միասին մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք են մատուցել ընկած զինծառայողներին:

«Այսօր մենք հերթական անգամ հավաքվում ենք Քենոթաֆի մոտ, ինչպես դա արել են մեր նախնիները, որպեսզի հարգանքի տուրք մատուցենք նրանց հիշատակին, ովքեր ամեն ինչ զոհաբերել են իրենց երկրին ծառայելու համար Առաջին համաշխարհային պատերազմում եւ բոլոր հաջորդող զինված հակամարտություններում, այդ թվում՝ Իրաքում ու Աֆղանստանում: Սա սրբազան արարողություն է, որը շարունակվում է ավելի քան 100 տարվա ընթացքում, քանի որ մենք գիտենք, որ պարտական ենք այդ խիզախ զինծառայողներին՝ կանանց ու տղամարդկանց: Մենք գիտենք, որ հանուն մեր վաղվա օրվա նրանք հրաժարվել են իրենց ներկայից»,-ասվում է կիրակի Ջոնսոնի տարածած հայտարարության մեջ:

Լոնդոնում Հիշատակի օրվա կապակցությամբ կայացել է շքերթ տարբեր պատերազմների մի քանի հազար վետերանների մասնակցությամբ: Նրանց ողջունել է քաղաքացիների մեծաթիվ բազմությունը, որը հավաքվել էր Քենոթաֆի մոտ, որպեսզի երախտիքը հայտներ երկրին մատուցած ծառայության համար: Ավելի վաղ ակնկալվում էր, որ արարողությանը կմասնակցի նաեւ թագուհի Ելիզավետա II-ը, սակայն վերջին պահին նա չեղարկել էր իր մասնակցությունը մեջքի հատվածում ցավերի պատճառով:

Թագուհու անունից Քենոթաֆի մոտ ծաղկեպսակ է տեղադրել նրա ավագ որդի արքայազն Չարլզը: ԱԳՆ շենքի պատշգամբից արարողությանը հետեւել է նրա տիկինը՝ Կորնուոլի հերցոգուհի Կամիլան, արքայազն Ուիլյամի տիկինը՝ Քեմբրիջի հերցոգուհի Քեյթն ու Ելիզավետ II-ի կրտսեր որդի արքայազն Էդվարդի տիկինը՝ Ուեսեքսի կոմսուհի Սոֆին: Ինքը՝ արքայազն Ուիլյամը, որը զբաղեցնում է երկրորդ տեղը գահի ժառանգորդների ցանկում, ընդունում էր Պալատական հեծելազորի գվարդիականների շքերթը: