Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսաքին կտրուկ է պատասխանել փոխնախագահի պաշտոնում Քամալա Հարիսի գործունեությունը քննադատող նրա օգնականներին եւ ԱՄՆ վարչակազմի այլ անդամներին, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

«Բոլոր նրանց համար, ովքեր պետք է լսեն սա։ Հարիսը ոչ միայն շատ կարեւոր գործընկեր է (նախագահ Ջո) Բայդենի համար, այլեւ համարձակ առաջնորդ, որը հանձն է առել երկրի առջեւ կանգնած առանցքային, կարեւոր խնդիրների լուծումը՝ ընտրական իրավունքի ապահովումից մինչեւ միգրացիայի արմատական պատճառների վերացում եւ գերարագ կապի ցանցի ընդլայնում»,- գրել է Փսաքին Թվիթերում։

Ավելի վաղ Հարիսի նախկին եւ ներկայիս օգնականները, վարչակազմի անդամները, դեմոկրատները եւ այլ պաշտոնյաներ CNN հեռուստաալիքի հարցազրույցում քննադատել էին փոխնախագահին՝ հայտարարելով, որ Հարիսը «պատրաստված չէ» պարտականությունները կատարելու համար։ Աղբյուրների խոսքով՝ փոխնախագահն ինքը նույնպես դժգոհել էր, թե սահմանափակված է զգում իր քաղաքական գործունեության մեջ։

Սեպտեմբերի վերջին ԱՄՆ Կոնգրեսի շատ հանրապետականներ պահանջել էին նախագահ Բայդենի հրաժարականը՝ հայտարարելով նրա սխալների մասին Աֆղանստանից զորքերի դուրսբերման հետ կապված։ Ընդ որում՝ բողոքները տարածվում էին նաեւ փոխնախագահ Հարիսի վրա, որի իմփիչմենթը նույնպես պահանջում էին հանրապետականները։ Նրանց խոսքով՝ Հարիսը պետք է հանդես գար եւ քշեր գրասենյակից Բայդենին։