Լեհաստանի ՆԳՆ ղեկավար Մարիուշ Կամինսկին RMF FM ռադիոկայանի եթերում ասել է, որ Բելառուսի հետ սահմանին լիարժեք պատնեշի կառուցումը կավարտվի 2022թ. առաջին կեսին։

Կամինսկին նշել է, որ պատի երկարությունը կլինի մոտ 180 կիլոմետր, բարձրությունը՝ 5,5 մետրից ոչ պակաս։

«Բուգ գետի երկայնքով մենք կօգտագործենք այլ տեսակի անվտանգության համակարգեր։ Մեզ մշտապես սադրում են, բայց մեր ծառայությունները լավ են պատրաստված»,- ասել է Կամինսկին։

Ավելի վաղ լեհ ուժայինները սահմանին պատնեշից իջեցրել էին փախստականների խմբին։

ԵՄ եւ Բելառուսի սահմանին միգրացիոն ճգնաժամը սկսվել է ամռանն այն բանից հետո, երբ բելառուսական իշխանությունները թուլացրին փախստականների հոսքի վերահսկողությունը Արեւմուտքի հետ հարաբերությունների սրման ֆոնին։ Իրավիճակը սրվեց նոյեմբերի 8-ին, երբ լեհ-բելառուսական սահմանի մոտ հայտնվեց մոտ 3 հազար անլեգալ։ Այդ մարդիկ եկել էին Մերձավոր Արեւելքի եւ Աֆրիկայի երկրներից։ Նրանք օրինական ճանապարհով թռել էին Բելառուս, ինչից հետո եկել էին դեպի Լեհաստանի ու Մերձբալթիկայի երկրների կողմը՝ ԵՄ-ում հայտնվելու հույսով։