Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ գիտի աշխարհը, քանի որ ամենափորձառուն է համաշխարհային առաջնորդներից, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ես գիտեմ աշխարհը. այսօրվա առաջնորդներից ես եմ ամենափորձառուն։ Ասում եմ դա ոչ թե պարծենալու, այլ իմ տեղը մյուս առաջնորդների շարքում սահմանելու համար։ Որովհետեւ իմ ժողովրդի համար կարեւոր է իմանալ, թե ով ով է»,- ասել է Էրդողանը Թուրքիայի հյուսիս-արեւմուտքում գտնվող Չանաքքալե նահանգում երիտասարդների հետ հանդիպման ժամանակ: Հեռարձակումն իրականացվել է նրա Twitter-ում։

Էրդողանը Թուրքիայի վարչապետ է դարձել 2003 թվականին, երբ նրա ղեկավարած «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը հաղթեց խորհրդարանական ընտրություններում։ 2014 թվականին նա ընտրվեց Թուրքիայի նախագահ, վերընտրվեց 2018 թվականին՝ Թուրքիայում կառավարման նախագահական ձեւին անցնելուց հետո։