Երկուշաբթի ԵՄ-ն Մինսկի դեմ ուղղված անձնական պատժամիջոցների նոր փաթեթ կընդունի  եւ պատժամիջոցների մեխանիզմ կստեղծի ավիաընկերությունների եւ տուրիստական ​​գործակալությունների դեմ, որոնք միգրանտներ են բերում Բելառուս։ Այս մասին երկուշաբթի ԵՄ խորհրդի՝ արտգործնախարարների մակարդակով նիստին ժամանելուն պես հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Այսօր մենք պատժամիջոցների նոր փաթեթ կընդունենք Բելառուսի այն քաղաքացիների նկատմամբ, ովքեր պատասխանատու են երկրում տեղի ունեցողի համար։ Մենք նաեւ մտադիր ենք պատժամիջոցների շրջանակ գործարկել՝ սկսելու արգելող միջոցներ կիրառել այլ մարդկանց, զբոսաշրջային գործակալությունների եւ ավիաընկերությունների եւ նրանց նկատմամբ, ովքեր ներգրավված են միգրանտների` դեպի մեր սահմաններ անօրինական տեղաշարժի մեջ», - ասել է Բորելը:

Նա նաեւ հայտնել է, որ թռիչքները, որոնցով միգրանտները ժամանում են Բելառուս, արդեն դադարեցվել են, եւ ԵՄ-ն աստիճանաբար վերահսկողության տակ է առնում իրավիճակը։ «Մենք կքննարկենք, թե ինչպես կարող ենք լուծել այս խնդիրը (ԵՄ-ի հետ սահմանին գտնվող միգրանտների), առաջին հերթին՝ դադարեցնելով [միգրանտների] հոսքը, դադարեցնելով թռիչքները, դա գործնականում արված է։ Իմ կարծիքով, միգրանտների հոսքը գրեթե վերահսկողության տակ է առնվել»,- ասել է Բորելը։

ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչը Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյի հետ հեռախոսազրույցում ասել է, որ միգրանտների հետ կապված իրավիճակն անընդունելի է եւ պահանջել է նրանց հումանիտար օգնություն հասցնել։

«Ես բելառուս նախարարին ասացի, որ այս իրավիճակը բացարձակապես անընդունելի է, որ պետք է մարդասիրական օգնություն տրամադրվի»,- ասել է Բորելը։

Նա նաեւ հայտարարել է, որ Եվրամիությունը դեռ չի քննարկում Լեհաստանի հետ սահմանին միգրացիոն ճգնաժամի ռազմական սրման ռիսկերը։