Հայ-ուկրաինական հարաբերություններն առաջընթաց են գրանցում: Համենայն դեպս` այն պահից, երբ ես Ուկրաինայում Հայաստանի դեսպան նշանակվեցի։ Այս մասին նոյեմբերի 15-ին Երեւանում Ուկրաինայի հայերի միության ամփոփիչ համաժողովի ժամանակ հայտարարեց Ուկրաինայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Վլադիմիր Կարապետյանը։
Նրա խոսքով` այդ ընթացքում պաշտոնական Կիեւը Հայաստանի շահերին հակասող հայտարարություններ երբեք չի հնչեցրել։ «Կարող եմ միայն ասել, որ կողմերի միջեւ քաղաքական երկխոսություն է ընթանում, եւ մենք փորձում ենք հնարավորինս մոտեցնել մեր մոտեցումներն ու դիրքորոշումները։ Դա հեշտ չէ, հատկապես՝ հաշվի առնելով աշխարհաքաղաքական որոշակի իրողություններ։ Դեսպանատան աշխատանքն էլ հենց դրանում է կայանում»,- ընդգծեց Կարապետյանը։
Այնուամենայնիվ, ինչպես նշեց դեսպանը, Երեւանի եւ Կիևի երկկողմ հարաբերությունները չեն սահմանափակվում միայն քաղաքական հայտարարություններով եւ քվեարկությամբ միջազգային տարբեր հարթակներում։
«Տնտեսական համագործակցությունը մեր երկրների միջեւ նույնպես խորանում է»,- վստահեցրեց դեսպանը։




























