Սաուդյան Արաբիան քաղաքացիություն է շնորհել մի խումբ արտագաղթողների, այդ թվում՝ բժիշկների, հոգեւորականների եւ գիտնականների՝ դառնալով Պարսից ծոցի արաբական երկրորդ պետությունը, որն այս տարի ներկայացնում է բացառիկ հմտություններ ունեցող օտարերկրացիների հպատակագրման պաշտոնական ծրագիր, հաղորդում է Reuters-ը:

Հայտարարությունը հետեւել է անցյալ հինգշաբթի հրապարակված թագավորական հրամանագրին, որով քաղաքացիություն կշնորհվի «փորձագետներին եւ բացառիկ համաշխարհային տաղանդներին», որոնք կօգնեն թագավորությանը զարգանալ՝ բարեփոխումների հավակնոտ ծրագրերին համապատասխան:

Սաուդյան Արաբիայում օտարերկրացիները սովորաբար ունեն վերականգնվող վիզաներ, որոնք վավեր են մի քանի տարի եւ կապված են աշխատանքի հետ:

Երկուշաբթի օրը տեղական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ խումբը, որը նոր է քաղաքացիություն ստացել, ներառում է մահմեդական հոգեւորականների, ովքեր աջակցել են թագավոր Սալմանի կրոնական հանդուրժողականության նախաձեռնություններին, ֆինանսական փորձագետների, բժիշկների եւ գիտնականների, որոնք մասնագիտացած են ինժեներիայի, քիմիայի, եւ հաղորդակցությունների մեջ:

Այս քայլը կապված է այն բանի հետ, որ Սաուդյան Արաբիան ձգտում է դառնալ տարածաշրջանային առեւտրային կենտրոն եւ պայքարում է օտարերկրյա կապիտալի եւ տաղանդների համար:

Հունվարին Արաբական Միացյալ Էմիրությունները հայտարարել են ներդրողներին եւ այլ մասնագետներին, ներառյալ գիտնականներին, բժիշկներին եւ նրանց ընտանիքներին քաղաքացիություն շնորհելու սխեմայի մասին: