Առնվազն 275 մարդ, այդ թվում՝ 50 երեխա, թակարդում է հայտնվել Բրիտանական Կոլումբիայի բարձրլեռնային մասում գտնվող մայրուղու վրա՝ հորդառատ անձրեւների հետեւանքով առաջացած սողանքների պատճառով, հայտնում է CBC-ն։

Ներկայումս փրկարարական օպերացիա է իրականացվում՝ Կանադայի զինված ուժերի ուղղաթիռների ներգրավմամբ։ Նախնական տվյալներով՝ մայրուղու այդ հատվածում կարող է մինչեւ 100 ավտոմեքենա գտնվել։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ կիրակի երեկոյան երկու խոշոր սողանք արգելափակել են երթեւեությունը Աղասիզ քաղաքի մոտ` Վանկուվերից 97 կմ դեպի արեւելք գտնվող ավտոմայրուղու հատվածներից մեկի վրա։ Առայժմ փրկարարներին հաջողվել է դուրս բերել 14 մարդու, նրանցից մի քանիսը տեղափոխվել են հիվանդանոց։ Զոհերի մասին տեղեկություն չի ստացվել։

Բրիտանական Կոլումբիայում վերջին 24 ժամում արդեն 230 մմ անձրեւ է տեղացել, ինչը կազմում է գրեթե ամսական նորմը։ Ըստ կանխատեսումների՝ մինչեւ երկուշաբթի օրվա վերջ կարող են մինչեւ 300 մմ տեղումներ գրանցվել։ Հեղեղումների պատճառով որոշ բնակիչներ ստիպված են եղել լքել իրենց տները։ Տեղ-տեղ խափանվել է ավտոմոբիլային եւ երկաթուղային հաղորդակցությունը։