Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի 2026-2027 թվականներին սկսվի նոր միջուկային էներգաբլոկի շինարարությունը, որը կարող է տեւել 8-ից 10 տարի։ Այս մասին նոյեմբերի 16-ին լրագրողների հետ զրույցում Հայկական ԱԷԿ կատարած այցի ժամանակ հայտարարեց Հայաստանի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
Նա պարզաբանեց, որ երբ գործող էներգաբլոկի շահագործման ժամկետը մոտենա ավարտին, պետք է նոր էներգաբլոկ կառուցվի, որն անմիջապես կմիացվի երկրի էներգահամակարգին։
Նախարարը հավելել է, որ այս ուղղությամբ կոնկրետ աշխատանքներ են սկսվել եւ կշարունակվեն ապագայում։ «Բոլոր հիմքերը կան ռուս գործընկերների հետ արդյունավետ համագործակցությունը շարունակելու համար։ Այս նախագծում մեր գլխավոր գործընկերը «Ռոսատոմ»-ն է: Ապագայում համագործակցության մասին փաստաթղթեր կստորագրվեն, որը վերաբերում է նաեւ այս հարցին։ Նոր էներգաբլոկի հզորությունը կարող է 400-450 ՄՎտ կազմել»,- ընդգծեց Գնել Սանոսյանը։
Նա նշեց, որ ատոմային էներգիայի դերը երկրի էներգետիկ համակարգում շատ բարձր է։ «Մենք կշարունակենք մեծ նշանակություն տալ ատոմային էներգետիկայի զարգացմանը։ Հայաստանում ատոմային էներգիայի արտադրությունը ոչ մի օր չպետք է դադարի»,- ընդգծեց նախարարը։





























