ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբացկության պատգամավոր Արմեն Խաչատրյանն Ազգային ժողովում հայտարարեց, թե այս պահին լոկալ մարտական գործողություններ են ընթանում Հայաստանի սահմաններում:

«Վերջին օրերին ականատես ենք լինում Ադրբեջանի կողմից խաղաղությանը միտված գործընթացների վիժեցման գործընթացի: Դա սկզբում դրսեւորովում էր Որոտանի հատվածում իբր մաքսակետ տեղադրելով: Դրանից հետո տեսնելով, որ մեր ժողովուրդը դիմակայում է, այլ կերպ է փորձում լուծել խնդիրները, նոյեմբերի  16-ին հենակետ տեղադրեցին Կապան-Ճակատեն ճանապարահատվածում եըւ կտրելով կապը Ճակատենի եւ մյուս գյուղերի հետ, եւ տեսնելով, որ դա չի ստիպում մեզ այն գործողություններին դիմել, որն իրենք են ցանկանում, այսօր արդեն Ադրբեջանը դիմել է ռազմական հարձակման»,-ասաց նա:

Պատգամավորի խոսքով, այս պահին ռազմական գործողությունները թեև ունեն լոկալ բնույթ, բայց մեծ հավանականություն կա, որ այն շատ արագ կարող է այնպիսի ծավալներ ընդգրկել, որ տարածաշրջանում անվտանգային լուրջ խնդիրներ առաջանան. «Հետևաբար, կոչ եմ անում մեր գործընկերներին, դաշնակիցներին ու այն պետություններին, որոնց հետ մենք ունենք համաձայնագրեր, անմիջապես գործուն քայլեր ձեռնարկեն այս ռազմական գործողությունները կանխելու ուղղությամբ, հակառակ դեպքում, ասվել է, թե ինչ հետևանքներ են սպասվում», - ասաց Խաչատրյանը:

Նա կոչ արեց ընդդիմությանը կրավորական կեցվածք չընդունել. «Ես շատ կուզենայի, որ մեր գործընկերներն այստեղ նստած լինեին»,-ասաց նա: