Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը եւ «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը Հայկական ատոմակայանի 2-րդ էներգաբլոկի արդիականացման ու շահագործման ժամկետը մինչեւ 2026 թվականը երկարաձգելու կապակցությամբ այցելեցին ատոմակայան։ Ինչպես NEWS.am-ին հայտնեցին նախարարության մամուլի ծառայությունից, կատարված աշխատանքների արդյունքում միջուկային վառելիքի նույն սպառմամբ էներգաբլոկի հզորությունն աճել է 15%-ով։

Աէկում ձեռնարկված ամենակարեւոր միջոցառումներից էր ռեակտորային կորպուսի կռումը, որն օգնեց 85%-ով վերականգնել մետաղի հատկությունները։ «Ռոսատոմ»-ի ձեռնարկությունների մասնագետների կողմից իրականացված ուսումնասիրությունների եւ ստուգումների արդյունքների համաձայն՝ Հայկական աէկի երկրորդ էներգաբլոկի տեխնիկական պարամետրերը թույլ են տալիս այն շահագործել եւս 10 տարի։ Միջոցառման ընթացքում ամփոփվել են Հայկական աէկի արդիականացման ծրագրի իրականացման արդյունքները, քննարկվել են 2026 թվականից հետո դրա շահագործման ժամկետը երկարացնելու, ինչպես նաեւ նոր կայանի կառուցման հեռանկարները։ «Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովն ասաց, որ մի շարք միջոցառումների իրականացման շնորհիվ Հայկական ատոմակայանի երկրորդ էներգաբլոկը համապատասխանում է ամենաժամանակակից միջազգային պահանջներին։ Նրա խոսքով, հայկական ատոմակայանը կշարունակի Հայաստանի բնակիչներին հուսալիորեն ապահովել էլեկտրաէներգիայով։ «Ես հպարտ եմ, որ մենք մասնակցում ենք մի նախագծի, որն օգնեց Հայաստանի ատոմակայանը դարձնել ավելի անվտանգ եւ արդյունավետ: Հսկայական աշխատանք է կատարվել սարքավորումների փոխարինման եւ արդիականացման ուղղությամբ»,- նշեց նա։