Ափիոնի արտադրությունն Աֆղանստանում 2021 թվականին 2020 թվականի համեմատ աճել է ութ տոկոսով։ Այս մասին հաղորդվում է Միավորված ազգերի կազմակերպության թմրամիջոցների եւ հանցավորության դեմ պայքարի գրասենյակի (UNODC) զեկույցում։

Այսօրվա դրությամբ Աֆղանստանում ափիոնի բերքը հասել է 6.8 հազար տոննայի։ 2021 թվականին համաշխարհային շուկա է արտահանվել մոտավորապես 320 տոննա մաքուր աֆղանական հերոին։ Հստակեցվում է, որ այսօր Աֆղանստանից ստացված հերոինը կազմում է օփիատների համաշխարհային սպառման 80 տոկոսը, մինչդեռ 2020 թվականին այդ ցուցանիշը հասնում էր 85 տոկոսի։

UNODC-ի զեկույցում նշվում է նաեւ ափիոնի արտադրությունից ստացված շահույթի աճը՝ 2020 թվականին 1.8 միլիարդ դոլարից մինչեւ 2.7 միլիարդ դոլար 2021 թվականին: Թալիբների` իշխանության գալու հետեւանքով առաջացած անկայունության պատճառով բարձրացել են նաեւ օփիատների գները։

Գերատեսչության տեղեկությամբ՝ դա կարող է ֆերմերներին ստիպել ավելի շատ ափիոն արտադրել: «Աֆղանստանում ստեղծված իրավիճակը պահանջում է միջազգային հանրության հրատապ միջամտությունը։ Աֆղանստանի ժողովրդին ՄԱԿ-ի աջակցության շրջանակներում անհրաժեշտ է թմրամիջոցների ապօրինի աճեցման եւ արտադրության կայուն կրճատման հասնել»,- ասվում է զեկույցում։