Բանակի զինումը, բացառությամբ՝ սպառազինությունը, պետք է առանձնացնել ՀՀ ՊՆ-ից, որպեսզի կրճատվեն կոռուպցիոն ռիսկերը։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 17-ին, 2022 թ․ պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։
Նրա խոսքով՝ նման կարծիք ունի նաեւ պաշտպանության նախարարի երկու նորանշանակ տեղակալներից մեկը՝ Կարեն Բրուտյանը, ով երկար տարիներ աշխատել է ֆինանսների նախարարությունում։
«Ամեն ինչ փոխվում է, սակայն մատակարարները նույնն են մնում։ Այդ պատճառով մատակարարումների բլոկը պետք է բացառել ՊՆ-ից։ Զինվորականները պետք է զբաղվեն միայն զինվորական խնդիրներով։ Այլապես շատ հրամանատարների մոտ գայթակղություն կառաջանա, ինչը հետագայում կհանգեցնի հարստացման եւ առանձնատների»,-պարզաբանեց պատգամավորը։
Քոչարյանը վստահ է, որ բանակում կոռուպցիան, ինչպես եւ դրա հետ կապված «գողական մշակույթը» պետք է արմատախիլ արվեն։





























