Վերջին երկու ամիսներին տնտեսական ակտիվության անկում է գրանցվել: Այս մասին նոյեմբերի 17-ին ՀՀ Ազգային ժողովի նիստին 2022 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց հանրապետության ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։
Նրա խոսքով` 9 ամսվա արդյունքներով տնտեսական ակտիվությունը գերազանցել է 5 տոկոսը, սակայն այժմ այն 4.4 տոկոս է կազմում։ «Դա հիմնականում պայմանավորված է երկու ճյուղերում աճի տեմպերի դանդաղմամբ։ Նախ, որոշ հանքարդյունաբերական ընկերություններ սպասվածից քիչ են արտադրել եւ արտահանել: Երկրորդ՝ դա պայմանավորված է գյուղատնտեսության աճի տեմպերի դանդաղմամբ։ Առաջին դեպքում, կարծում ենք, որ արտադրության եւ արտահանման տեմպերը կարող են առաջիկա ամիսներին վերականգնվել, քանի որ հանքարդյունաբերությամբ զբաղվող ընկերությունները տարեկան արտադրանքի որոշակի սահմանափակումներ ունեն։ Եթե մեկ-երկու ամսով արտադրությունը, վերամշակումն ու արտահանումը նախատեսվածից քիչ է եղել, ապա դրանք կարող են վերականգնվել այս տարվա վերջին ամիսներին»,- պարզաբանել է նախարարը։
Ընդ որում, Խաչատրյանը նշեց, որ գյուղատնտեսության պարագայում պատկերը փոքր-ինչ այլ է:
Այդպես, 2020 թվականն առանձնահատուկ էր խաղողի, կարտոֆիլի եւ մի շարք այլ խոշոր մշակաբույսերի բարձր ցուցանիշներով։ Սակայն արդեն 2021 թվականին այս կամ այն պատճառով որոշակի անկում է գրանցվել։
Ֆինանսների նախարարը վստահ չէ, որ վերականգնումը հնարավոր է մինչեւ այս տարվա վերջ, սակայն նշեց, որ դա միանգամայն հնարավոր է։




























