Գերմանիան, միգուցե, սկզբում միամիտ էր Չինաստանի հետ համագործակցության որոշ ոլորտներում, բայց չպետք է խզի բոլոր կապերը՝ ի պատասխան աճող լարվածության, Reuters-ին ասել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։

«Միգուցե մենք ի սկզբանե չափազանց միամիտ էինք ինչ-որ գործընկերական հարաբերությունների նկատմամբ մեր մոտեցման մեջ»,- ասել է Մերկելը: «Այժմ մենք այս ամենն ավելի մոտիկից ենք ուսումնասիրում, եւ դա ճիշտ է։

Մերկելը նշել է, որ Գերմանիան եւ Եվրամիությունն, ընդհանուր առմամբ, պետք է շարունակեն համագործակցել Չինաստանի հետ եւ կարող են սովորել միմյանցից։ «Ամբողջական բաժանումը, իմ կարծիքով, սխալ կլիներ, վտանգավոր կլիներ մեզ համար»,- ասել է նա։

Չինաստանը 2016 թվականին Գերմանիայի ամենամեծ առեւտրային գործընկերն է դարձել, եւ նրա արագ տնտեսական աճը խթանել է Գերմանիայի աճը նրա պաշտոնավարման ողջ ընթացքում: Սակայն որոշ քննադատներ ասում են, որ Գերմանիան այժմ չափազանց շատ է հույսը դնում Չինաստանի վրա եւ չափազանց մեղմ է վերաբերվում Պեկինին այնպիսի հարցերում, ինչպիսին մարդու իրավունքների խախտումներն են:

Մերկելն ասել է, որ Գերմանիան Պեկինի հետ մշտապես քննարկում է մտավոր սեփականության եւ արտոնագրային պաշտպանության հարցերը, «ինչպես Գերմանիայում չինացի ուսանողների, այնպես էլ Չինաստանում գործող գերմանական բիզնեսների հետ կապված»: Նրա խոսքով՝ արեւմտյան ժողովրդավարությունները, որոնք փորձում էին ձեւակերպել նոր տեխնոլոգիաների էթիկական չափանիշները, պետք է նորարարություններին համընթաց քայլեին, որպեսզի գիտակցեին դրանց ազդեցությունը: «Այս պահին դա չի վերաբերում Եվրոպային այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են քվանտային համակարգիչները եւ արհեստական ինտելեկտը»,- ասել է նա:

Սակայն Մերկելը հայտարարել է, որ պետությունը նախկինի պես պետք է պաշտպանի իր շատ կարեւոր ենթակառուցվածքը՝ մատնանշելով ՏՏ անվտանգության մասին գերմանական նոր օրենքը, որը խոչընդոտներ է սահմանում հաջորդ սերնդի սարքավորումներ արտադրողների համար, ինչպիսին չինական Huawei-ն է:

«Սակայն, կարծում եմ, միշտ կարեւոր է ընդգծել, որ առանձին ընկերություններ չպետք է ի սկզբանե բացառվեն»,- ասել է Մերկելը: