Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ 46 օր անընդմեջ բանտային հիվանդանոցում հացադուլ հայտարարածին, երկրի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին քաղաքացիական կլինիկա տեղափոխելու հնարավորություն չի տեսնում, գրում է «Նովոստի-Գրուզիան»։
Ելույթ ունենալով այսօրվա հատուկ ճեպազրույցում՝ Զուրաբիշվիլին իր դիրքորոշումը բացատրել է նրանով, որ Սահակաշվիլին սովորական բանտարկյալ չէ, այլ նախկին նախագահ, հետեւաբար բանտից նրա տեղափոխումը քաղաքացիական տարածք «շատ սպառնալիքներ է պարունակում»։
Միեւնույն ժամանակ, Զուրաբիշվիլին քննադատել է կառավարությանը տեսանյութեր տարածելու համար, որոնցում երեւում է Սահակաշվիլիին Ռուսթավիի բանտից Թբիլիսիի բանտային հիվանդանոց տեղափոխելու գործընթացը։
Նա նաեւ կոչ է արել կառավարությանը հանրությանը «ամբողջական, անկախ, արժանահավատ տեղեկատվություն տրամադրել նախկին նախագահի հացադուլի մասին», ինչպես նաեւ հաղորդել նրա առողջության, սննդակարգի եւ այլնի մասին։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) որոշման համաձայն՝ մինչեւ նոյեմբերի 24-ը Վրաստանի արդարադատության նախարարությունը պետք է Սահակաշվիլիի վիճակի, կալանքի պայմանների եւ բուժման/սպասարկման մակարդակի մասին տեղեկատվություն ուղարկի դատարան։
Միեւնույն ժամանակ, Զուրաբիշվիլին կրկնել է իշխանությունների դիրքորոշումը, ըստ որի՝ Սահակաշվիլիի տեղափոխումը քաղաքացիական կլինիկա չի իրականացվում, քանի որ դա կարող է անկարգությունների եւ կլինիկայի «գրոհի» պատճառ դառնալ երրորդ նախագահի կողմնակիցների կողմից։ Նույն պատճառով Սահակաշվիլիին արդեն երեք անգամ մերժել են մասնակցել սեփական դատավարությանը:
«Մենք պահանջներ ենք լսում, որ նախկին նախագահին, ինչպես ցանկացած բանտարկյալի, տեղափոխեն քաղաքացիական բազմապրոֆիլ կլինիկա։ Բոլորը կրկնում են այս պահանջը՝ իրական պատկերացում չունենալով, թե դա ինչ է նշանակում եւ ինչ սպառնալիքների հետ է դա կապված։
Եթե մենք համաձայն ենք, որ նախկին նախագահը շարքային բանտարկյալ չէ եւ չի կարող այդպիսին լինել, ապա պետք է նաեւ համաձայնենք, որ քաղաքացիական տարածք տեղափոխումը հենց այդ առանձնահատկությունների պատճառով շատ դժվար է իրականացնել՝ հաշվի առնելով մեծ թվով սպառնալիքները, որոնցից չափազանց դժվար է ապահովագրվել։
Միեւնույն ժամանակ, նախկին նախագահը պետք է օգտվի միջազգային ամենաբարձր չափանիշներից, որպեսզի հարցեր եւ կասկածներ չառաջանան, որ ինչ որ բան չի արվել հացադուլի ընթացքում նրա բուժման ժամանակ կամ հացադուլի ավարտից հետո նույնքան վտանգավոր փուլում»,- ասել է Զուրաբիշվիլին։
Նախագահը խորհուրդ է տվել կառավարությանը ծանոթանալ հագեցած կլինիկաների սարքավորումների միջազգային չափանիշներին, որտեղ բանտարկյալները հացադուլ են անում, եւ համոզվել, որ բանտային հիվանդանոցում Սահակաշվիլիին պահելու պայմանները համապատասխանեն դրանց:





























