Լեհաստանի պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը հայտարարել է, որ միգրացիոն ճգնաժամը Լեհաստանի եւ Բելառուսի սահմանին կարող է ամիսներ տեւել, գրում է The Guardian-ը։

«Մենք պետք է պատրաստվենք նրան, որ իրավիճակը լեհ-բելառուսական սահմանին արագ չի լուծվի։ Պետք է ամիսներ շարունակ պատրաստվել։ Հուսանք՝ ոչ տարիներ»,- ասել է նա:

Միաժամանակ, Գերմանիայի կանցլերի պաշտոնակատար Անգելա Մերկելի ներկայացուցիչը նշել է, որ քաղաքական գործիչը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հեռախոսազրույցի ժամանակ ընդգծել է միգրանտներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու անհրաժեշտությունը։

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան իր հերթին ասել է, որ չի ճանաչում որեւէ պայմանավորվածություն Գերմանիայի եւ Բելառուսի միջեւ, քանի որ Լուկաշենկոյին օրինական առաջնորդ չի համարում։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մերկելը Բելառուսի նախագահի հետ զրույցում «պահպանել է կոշտ դիրքորոշումը» միգրացիոն ճգնաժամի հարցում, սակայն խոստացել է ուսումնասիրել խնդրի լուծման տարբերակները։