Լեհաստանի խորհրդարանի ստորին պալատը (Դիետա) չորեքշաբթի օրը՝ նոյեմբերի 17-ին, կողմ է քվեարկել օրինագծին, որը ժամանակավորապես կսահմանափակի մամուլի ազատությունը եւ տեղաշարժը սահմանամերձ շրջանում, հայտնում է Deutsche Welle-ն։
Այժմ փաստաթուղթը, որը պատրաստվել է ազգային-պահպանողական իշխող «Իրավունք եւ արդարություն» կուսակցության (ԻԱԿ) կողմից, կքննարկի խորհրդարանի վերին պալատը՝ Սենատը, որը կարող է փոփոխել այն։ Ընդդիմության ներկայացուցիչների տեսանկյունից՝ երկրի կառավարությունը՝ ԻԱԿ-ի գլխավորությամբ, ցանկանում է օգտվել լեհ-բելառուսական սահմանին միգրանտների զանգվածային ժամանումից՝ իշխանություններին քննադատող լրագրողների համար տեղեկատվության հասանելիությունը սահմանափակելու համար։
Սեպտեմբերի սկզբին Վարշավան արտակարգ դրություն հայտարարեց Բելառուսի հետ սահմանից երեք կիլոմետր հեռավորության վրա գտնվող գոտում։ Արտակարգ դրության ժամկետը, սակայն, ավարտվում է դեկտեմբերի 2-ին եւ այլեւս չի կարող երկարաձգվել։ Ըստ վերոնշյալ օրենքի նախագծի՝ այսուհետ Լեհաստանի ՆԳՆ ղեկավարը կարող է վտանգի պայմաններում սահմանամերձ տարածք այցելելու արգելք սահմանել բոլոր անձանց համար, բացառությամբ տեղի բնակիչների։
Այս կանոնից բացառություններ անել, մասնավորապես` լրագրողների համար, կթույլատրվի տեղական սահմանապահ ծառայության հրամանատարին:





























