Եվրոպական միության, Ավստրիական զարգացման գործակալության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի աջակցությամբ իրականացվող «Կանաչ գյուղատնտեսություն» ծրագիրը նպատակ ունի Հայաստանում խթանել կայուն, նորարարական ու շուկային միտված ագրոբիզնեսը։

Կանաչ գյուղատնտեսության շնորհիվ հողն ավելի արդյունավետ է կառավարվում և պահպանվում են շրջակա միջավայրն ու կենսաբազմազանությունը։ Կանաչ գյուղատնտեսության մեթոդների օգնությամբ բարելավվում է բերքատվությունը, այն սովորեցնում է՝ ինչպես հողը բերրի պահել և վանել վնասատուներին բնական միջոցներով։ Կանաչ գյուղատնտեսության միջոցով հնարավոր է ճիշտ արձագանքել փոփոխվող եղանակային պայմաններին և կրճատել ածխածնի արտանետումները, և ամենակարևորը՝ կանաչ գյուղատնտեսության արդյունքում ապահովվում է առողջարար գյուղատնտեսական մթերք։ 

Ծրագրի շրջանակներում գյուղատնտեսությամբ զբաղվողների համար կազմակերպվում են դասընթացներ, աջակցություն է ցուցաբերվում ագրոտեխնոլոգիական ստարտափներին, իրականացվում են բերքի փառատոներ, գյուղատնտեսներին տրվում է մարքեթինգային խորհրդատվություն, ֆերմերներին տրամադրվում են գյուղտեխնիկա, սառնարանային պահեստներ, չորանոցներ, ջերմոցներ և այլն։

 Առաջիկա օրերին կանաչ գյուղատնտեսությանը, դրա օգտակարությանն ու արդյունավետությանը նվիրված հանրային միջոցառումներ` Green Weekend-ներ, տեղի կունենան Երևանի խոշոր առևտրի կետերում՝ հանրության լայն շերտերին իրազեկելով կանաչ գյուղատնտեսության առավելությունների, օգտակարության մասին։

Ժամը 17:00-ից 21:00-ը Green Weekend-ներ կանցկացվեն նոյեմբերի 20, 21-ին Դալմա Գարդեն մոլում, նոյեմբերի 27, 28-ին՝ Երևան մոլում և կամփոփվեն դեկտեմբերի 4, 5-ին Մեգամոլում:

Միջոցառումների ընթացքում մոլերի այցելու փոքրիկները կկարողանան լինել հողագործության անկյունում, որտեղ կսովորեն և տեղում ինքնուրույն կփորձեն տնկել սերմեր, ջրել ու խնամել բույսերը և կիմանան, թե ինչպես է պետք հոգ տանել բնության մասին ու պաշտպանել շրջակա միջավայրը։

Իսկ ծնողները հնարավորություն կունենան ծանոթանալու կանաչ գյուղատնտեսությանը, որն ապահովում է առողջություն, պահպանում է բնությունը և աջակցում գյուղական համայնքների զարգացմանը:

Կանաչ գյուղատնտեսության մասին պատմող տեսահոլովակը հետևյալ հղմամբ: