Հայաստանում «Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կամակերպությունը և Իսպանիայում Վալյադոլիդի առևտրի, արդյունաբերության, ծառայությունների պալատը համատեղ իրականացնում են «Գինու տուրիզմի նորարական ռազմավարությունները՝ որպես երկրների միջև կապեր ստեղծելու և Հայաստանում տարածաշրջանային զարգացում ապահովելու երաշխիք» ծրագիրը:

Այն ֆինանսավորվում է Եվրոպական Միությունն կողմից՝ «ԵՄ-ն բիզնեսի համար» (EU4Business) նախաձեռնության շրջանակում: 

«Արմավիրի զարգացման կենտրոնից» NEWS.am-ին հայտնում են, որ ծրագրի նպատակն է ՀՀ Արմավիրի մարզում ստեղծել գինու զբոսաշրջությունը խթանող անհրաժեշտ նախադրյալներ` ապահովելով մարզի կայուն տնտեսական և սոցիալական աճը:

Առաջիկայում պլանավորվում են միջոցառումներ` միտված Հայաստան-Իսպանիա էնոտուրիզմի կլաստերի ձևավորմանը, Արմավիրի մարզի գինու զբոսաշրջային ուղղությունների հայեցակարգային մոդելի և ռազմավարական կառավարման պլանի նախագծմանը, ՓՄՁ-ների կարողությունների զարգացմանն ու մարզի գինու զբոսաշրջային գրավչության բարձրացմանը:

Ծրագրի մերկնարկը տրվեց առցանց, որին մասնակցեցին պետական և տեղական կառավարման մարմինների ներկայացուցիչներ, էնոտուրիզմով հետաքրքրված  զբոսաշրջային կազմակերպություններ, բիզնեսներ, բիզնեսներին աջակցող կառույցներ և գինեգործության բնագավառի ներկայացուցիչներ:

«Որպես սոցիալ-տնտեսական հասարակական կազմակերպություն՝ մեզ համար կարևոր են բոլոր այն հնարավորությունները, որոնց միջոցով ՀԿ-ն կկարողանա նպաստել մարզում տնտեսական ակտիվությանը և զբաղվածության ու ինքնազբաղվածության արժանապատիվ հնարավորությունների ստեղծմանը: Մենք գիտենք, որ գինու տուրիզմն այն աշխատատար ոլորտներից է, որն իր հետևից տանում է տնտեսական գործունեության մի շարք ձևեր: Ծրագրի շրջանակում` փորձի փոխանակման արդյունքում, ակնկալում ենք փոխշահավետ բիզնես ծառայությունների մշակում և ձևավորում, որից կշահի գինու տուրիզմի ողջ ինդուստրիան Արմավիրի մարզում»,- նշեց ծրագրի հայաստանյան գործընկեր «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի նախագահ Նաիրա Առաքելյանն իր ողջույնի խոսքում:  

Ծրագրի գործողություններին աջակցության պատրասատակամություն հայտնեց նաև Արմավիրի մարզպետարանը` ի դեմս զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության վարչության պետ Լիլիթ Մուշեղյանի, ով ներկայացրեց Արմավիրում գինու տուրիզմի զարգացման հնարավոր նախադրյալները, մարզպետարանի ակնկալիքները ստեղծված համագործակցությունից և վարչության իրականացրած գործողությունները՝ կապված տուրիզմի զարգացման հետ:  

Հանդիպման բանախոսներից էր նաև Իսպանիայի գործընկեր Վալյադոլիդի առևտրի, արդյունաբերության և ծառայությունների պալատի ծրագրերի ղեկավար Աննա Աթիենզան: Նա իր խոսքում առանձնացրեց Հայաստանը՝ որպես գինեգործական ամենահին ավանդույթներ ունեցող երկրներից մեկը: «Ես երկար ժամանակ աշխատել եմ առևտրի ոլորտում, զարգացրել եմ գինու ուղղությունները: Շատ ուրախ եմ Հայաստանի հետ աշխատելու հնարավորության համար` որպես ամենահին գինեգործական և զբոսաշրջային հետաքրքիր երկրներից մեկը»,- հավելեց նա:

Ծրագրի շրջանակներում պլանավորվում է.

Հայաստան-Իսպանիա էնոտուրիզմի կլաստերի ձևավորում և դրա շրջանակում լավագույն փորձի փոխանակում, ինտերակտիվ փոխգործակցություն, սիներգիայի ձևավորում, երկարաժամկետ ու կայուն արժեքների ստեղծում։

Արմավիրի մարզի գինու զբոսաշրջային ուղղությունների հայեցակարգային մոդելի և ռազմավարական կառավարման պլանի նախագծում՝ կենտրոնանալով կայունության, տարածաշրջանային ինքնատիպության, նորարարության և թվային փոխակերպման վրա:

Անմիջական բիզնես կապերի հաստատում, կլաստերի մասնակից կազմակերպությունների միջև կայուն գործընկերային հարաբերությունների ձևավորում՝ միտված Արմավիրի մարզում էնոտուրիզմի խթանման նորարարական ծառայությունների համատեղ նախագծմանը և զարգացմանը: 

Առանձին ՓՄՁ-ների կարողությունների զարգացում, էնոտուրիզմի բնագավառում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու մտադրության ձևավորում և մասնագիտական կարողությունների բարելավում, երկրի ներսում և երկրից դուրս Արմավիրի գինու զբոսաշրջային ուղղությունների մրցունակության բարձրացում՝ հատուկ ուշադրություն դարձնելով միջազգային միտումների և չափանիշների ավելի լավ ընկալմանը, ներքին և օտարերկրյա զբոսաշրջիկների փոփոխվող ակնկալիքների իրագործման համար անհրաժեշտ հմտությունների զարգացմանը, նորարար, ներկայանալի և որակյալ ապրանքների և ծառայությունների մշակմանը: 

Արմավիրի մարզի գինու տուրիստական ուղղությունների ավելի լայն տեսանելիության ապահովում, միջազգային հանրահռչակում:

Նշենք, որ «Գինու տուրիզմի նորարական ռազմավարությունները՝ որպես երկրների միջև կապեր ստեղծելու և Հայաստանում տարածաշրջանային զարգացում ապահովելու երաշխիք» ծրագրի գործողությունների հանրայնացման և կապերի ստեղծման նպատակով գործարկվում է Innovative Enotourism ֆեյսբուքյան էջը, որի միջոցով բիզնեսին աջակցող կառույցները և այն կազմակերպությունները, որոնք իրենց մասնակցությունը տեսնում են ծրագրային գործողությունների իրականացման ընթացքում, կարող են ակտիվ կապ հաստատել թիմի հետ: