Վերաքննիչ վարչական դատարանը բավարարել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հայցը եւ անվավեր է ճանաչել Ախուրյան քաղաքում դեկտեմբերի 5-ին կայանալիք ընտրություններում «Իկիլիկյան» կուսակցությունների դաշինքի գրանցումը։
«Իմ հզոր համայնք» եւ «Ազատություն» կուսակցություններից կազմած «Իկիլիկյան» դաշինքը գլխավորում է Ազատան համայնքի երկար տարիների համայնքապետ Վարդան Իկիլիկյանը։
«Զարմանալի է, որ նույն ատյանի դատարանը հինգ օր առաջ ուրիշ որոշում է կայացնում եւ գրանցում է «Իկիլիկյան» կուսակցությունների դաշինքին, որոշումը թողնում է ուժի մեջ եւ հինգ օր հետո ընդունում է բողոքարկման ժամկետը բաց թողած հայցադիմում ու անհիմն հղումներով որոշում է կայացնում մեր դաշինքը գրանցված չհամարելու։ Պարզ է, որ ամբողջը քաղաքական է, եւ իշխող քաղաքական ուժը կարողացավ ճնշում գործադրել վարչական դատարանի եւ 32 ընտրատարածքային հանձնաժողովի վրա, որ իր որոշումը չեղյալ համարի։ Սա քաղաքական հետապնդում է իմ նկատմամբ, ես իմ պայքարը շարունակելու եմ։ Ես չեմ ընդունում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գաղափարախոսությունը»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վարդան Իկիլիկյանը։
Իկիլիկյանի խոսքով՝ այս պահին իրենք փորձում են պարզել, թե որ ատյանում կկարողանան բողոքարկել որոշումը։
«Կենտրոնական ընտրական հանձնաժողովին են մեկ այլ խնդրի առաջ դրել, որովհետեւ նույն դատարանը որոշումը համարում է գրանցված, մյուսով՝ չգրանցված։ Ո՞ր որոշումով պետք է առաջնորդվի Կենտրանական ընտրական հանձնաժողովը՝ մենք դեռ չգիտենք»,- նշեց նա։
Վարդան Իկիլիկյանը Ախուրյանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի հնարավորությունները ցածր է գնահատում։
«Առավել եւս իմ առաջադրման պարագայում կարելի է ասել անգամ մեկ կամ երկու տոկոս»,- ընդգծեց Վարդան Իկիլիկյանը։
Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը դատի էր տվել թիվ 32 տարածքային ընտրական հանձնաժողովին եւ պահանջում էր անվավեր ճանաչել հանձնաժողովի՝ նոյեմբերի 3-ի «Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 5-ի ընտրություններին մասնակցելու համար «Իկիլիկյան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակը գրանցելու մասին» որոշումը եւ «Իկիլիկյան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի գրանցումը։ Մինչ այս «Իկիլիկյան» դաշինքը թիվ 32 տարածքային ընտրական հանձնաժողովի դեմ հայց էր ներկայացրել՝ պահանջելով անվավեր ճանաչել հանձնաժողովի 2021 թվականի նոյեմբերի 7-ի որոշումը, որով դաշինքի ընտրական ցուցակի գրանցումն անվավեր էր ճանաչվել։ Դատարանը նոյեմբերի 12–ին բավարարել էր «Իկիլիկյան» կուսակցությունների դաշինքի հայցը՝ վերականգնելով գրանցումը։





























