Հնդկաստանի գերագույն դատարանը չեղյալ է համարել 12-ամյա աղջկա նկատմամբ սեռական ոտնձգությունների մեջ մեղադրվող տղամարդուն արդարացնող աղմկահարույց որոշումը։ Տղամարդուն արդարացրել էին, քանի որ ամեն ինչ տեղի էր ունեցել «առանց մաշկը մաշկի հետ շփվելու», հայտնում է BBC-ն։

Հունվարին Մումբայի Գերագույն դատարանի կին դատավորի կողմից կայացված վճիռը լայնածավալ վրդովմունք էր առաջացրել: Ակտիվիստներն ու իրավական փորձագետները հայտարարել էին, որ դա «վտանգավոր նախադեպ» կստեղծի եւ ավելի բարձր ատյանին խնդրել էին չեղարկել այն: Քարոզարշավի մասնակիցներն ասել են, թե այդ որոշումը կխոչընդոտի, որ երեխաները բռնության մասին հայտնեն:

Իր որոշման մեջ գերագույն դատարանի կոլեգիան նշել է, որ դատարանները պետք է հաշվի առնեն սեռական մտադրությունները, ոչ թե «մաշկը մաշկի հետ շփումը»: Դատավորները հայտարարել են, որ Մումբայի դատարանի որոշումը «անզգայորեն օրինականացնում է սեռական վարքը», եւ որ «օրենքի նպատակը չի կարող թույլ տալ, որ հանցագործը խուսափի օրենքի դրույթներից»:

2016 թվականի դեկտեմբերին 39-ամյա տղամարդը մեղադրվել է 12-ամյա աղջկա նկատմամբ սեռական ոտնձգությունների համար։ Երեխայի մայրը պնդել է, որ նա դստերը տարել է իր տուն, որտեղ շոշափել է նրա կուրծքը եւ փորձել հանել գիշերազգեստի ներքեւի մասը։

Առաջին ատյանի դատարանը նրան մեղավոր է ճանաչել երեխային բռնաբարելու մեջ՝ համաձայն «Երեխաներին սեռական հանցագործություններից պաշտպանելու մասին» խիստ օրենքի՝ դատապարտելով երեք տարվա ազատազրկման:

Բայց հունվարի 12-ին Մումբայի գերագույն դատարանի դատավոր Պուշպա Գանեդիվալան որոշել է, որ աղջկա կրծքին առանց վերնամասը հանելու դիպչելը սեռական բռնություն չէ, քանի որ «մաշկը մաշկի հետ շփում» չի եղել, մեղադրանքը պետք է լինի ավելի քիչ խիստ՝ ոտնձգություն: