Վարչապետ Նաֆթալի Բեննեթը շնորհակալություն է հայտնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ իսրայելցի զույգի ազատ արձակման ու հայրենիք վերադարձի գործում նրա «անձնական մասնակցության» համար եւ «երախտագիտություն հայտնել» թուրք պաշտոնյաներին, ովքեր օգնել են լուծել խնդիրը, հայտնում է Reuters-ը։

Իսրայելցիները ձերբակալվել էին Ստամբուլում Էրդողանի նստավայրը լուսանկարելու համար, նրանք մեղադրվել էին լրտեսության մեջ եւ 8 օր մնացել կալանքի տակ։

«Վարչապետն ասել է, որ սա հումանիտար հարցի լուծում է, եւ դրական է գնահատել երկրների միջեւ հաղորդակցության ուղիները, որոնք արդյունավետ եւ աննկատ են աշխատել ճգնաժամի ընթացքում»,- ասվում է Իսրայելի վարչապետի գրասենյակի հաղորդագրությունում։

Սա 2013 թվականից ի վեր Իսրայելի վարչապետի եւ Թուրքիայի նախագահի առաջին զրույցն է եղել։