Ավստրալիան ծաղրել է չինացի բարձրաստիճան դիվանագետի նախազգուշացումները միջուկային սուզանավեր ձեռք բերելու իր ծրագրի վերաբերյալ՝ ասելով, որ դա «այնքան հիմարություն է, որ ծիծաղելի է», հաղորդում է AFP-ը:
Չինաստանի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Վան Սինինը հայտարարել է, որ Ավստրալիան «կասկածելի տղա» կդառնա, եթե գնի սուզանավեր, որոնք ունակ են երկարաժամկետ գաղտնի առաքելություններ իրականացնել: «Միջուկային սուզանավերը նախատեսված են հեռահար հարվածներ հասցնելու համար»,-ասել է Վանը The Guardian-ին:
«Ուրեմն ո՞ւմ դեմ եք պատրաստվում հարձակվել։ Դուք այլեւս խաղաղության կողմնակից չեք, խաղաղության պաշտպան, դուք սկսում եք ինչ-որ ձեւով թուր ճոճել»,-ասել է Վանը։
Ավստրալիայի պաշտպանության նախարար Փիթեր Դաթոնը ծաղրել է «բորբոքված» հայտարարությունները՝ դրանք անվանելով «սադրիչ, զավեշտալի հայտարարություններ, որոնք իրականում այնքան հիմարություն են, որ ծիծաղելի են»:
Դաթոնն ասել է, որ չինացի դիվանագետը «հավանաբար կարդացել է Կոմունիստական կուսակցության սցենարը»:
Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը հայտարարել է միջուկային սուզանավեր ձեռք բերելու որոշման մասին՝ որպես ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի հետ նոր պաշտպանական դաշինքի մաս։
Գործարքը ոչ միայն զայրացրել է Չինաստանին, այլեւ Ֆրանսիային, որը վերջին պահին հայտնաբերել է, որ Ավստրալիայի հետ բազմամիլիարդանոց սուզանավերի պայմանագիրը խզվել է:





























