ԱՄՆ արդարադատության նախարարությունը մեղադրանք է առաջադրել երկու իրանցիների, ովքեր իբր ներգրավված են եղել «ապատեղեկատվության եւ սպառնալիքների» առցանց արշավում՝` 2020 թվականի նախագահական ընտրություններում ամերիկացի ընտրողների վրա ազդեցություն գործելու համար:

24-ամյա Մոհամմադ Հոսեյն Մուսա Քազեմին եւ 27-ամյա Սաջադ Քաշյանը կիբեր արշավ են սկսել «ամերիկացի ընտրողներին վախեցնելու եւ նրանց վրա ազդելու, ինչպես նաեւ այլ ձեւերով ընտրողների վստահությունը խաթարելու եւ տարաձայնություններ սերմանելու համար»:

Զուգահեռաբար, ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է հայտարարել նրանց եւ եւս երեքի նկատմամբ, ովքեր ղեկավարում էին կիբերանվտանգության ոլորտում աշխատող Emennet Pasargad ընկերությունը:

Գանձապետարանը հայտարարել է, որ ընկերությունը նախկինում հայտնի է եղել որպես Net Peygard Samavat, որի դեմ 2019 թվականին պատժամիջոցներ էին սահմանվել:

Իրանը պատասխանել է, որ «ԱՄՆ կառավարության մեղադրանքները, որն ինքն այլ երկրների գործերին տարբեր ձեւերով միջամտելու երկար պատմություն ունի, անհիմն են»։