ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին խորհուրդ կտամ չշահարկել 5 միլիարդ դոլարի թեման, քանի որ ԱԱԾ նախկին պետը կարող է չզսպել իրեն եւ գաղտնի տեղեկատվություն հրապարակել։ Այս մասին նոյեմբերի 19-ին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը։
Լրագրողներից մեկը, մասնավորապես, Մամիջանյանին հարցրեց, թե ինչու իր խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն ընդհանրապես ներկա չի լինում կառավարության ժամին՝ հիշեցնելով վարչապետի հարցը՝ «ո՞ւր է այդ հինգ միլիարդը»։
Ի պատասխան՝ պատգամավորն ասաց, որ Վանեցյանը գրեթե ամեն օր աշխատում է խորհրդարանում կամ իր «Հայրենիք» կուսակցության գրասենյակում։ «Ինչ վերաբերում է կառավարության ժամին, ապա իշխանության հերթական ստերը կարելի է լսել ոչ միայն խորհրդարանի նիստերի դահլիճում, այլեւ մեկ այլ վայրում։ Ավելի լավ է՝ Փաշինյանը քիչ խոսի 5 միլիարդ դոլարի մասին եւ Վանեցյանին չդրդի հրապարակել անձամբ վարչապետին վերաբերող եւ պետական գաղտնիք ներկայացնող տեղեկատվություն»,-ասաց ընդդիմադիրը։





























