Շինծու, արհեստական գործ են սարքում. հետաքրքիրն այն է, որ գործով ցուցմունք տված ոստիկանը նշել է, թե ինձ ճանաչել է իմ ձայնից. Փաստորեն, նա ոչ թե տեսել է «բ…- ի տղա Նիկոլ» արտահայտությունն անելիս, այլ ձայնից որոշել է, որ ես եմ: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 19-ին, դատարանի շենքում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՅԴ Երեւանի քաղաքային կոմիտեի նախագահ Սարգիս Կարապետյանը՝ խոսելով Դատախազության կողմից հաստատված եւ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ուղարկված մեղադրական եզրակացության մասին՝ «բ-ի տղա Նիկո՛լ» արտահայտության առնչությամբ:
«Այն ոստիկանները, որոնք կեղծ ցուցմունքներ են տալիս, սուտ մատնություններ են անում, վերջում պատասխան են տալու․ հետագայում պատրաստվում եմ բոլորի դեմ բողոքներ ներկայացնել: Իրականում փորձում են հանրությանը ներկայացնել, որ մի 10-15 հոգի խուլիգան են, խուլիգանական արարքներ են անում: Նոյեմբերի 13-ից սկսած՝ մոտ 40 անգամ ձերբակալվել կամ բերման եմ ենթարկվել ոստիկանական բաժանմունքներ, նույնիսկ՝ այն դեպքում, երբ հանգիստ ինձ համար կանգնած եմ եղել»,- ասաց Կարապետյանը:
Հիշեցնենք, որ «Հայաստան» դաշինքի անդամներին՝ Նարեկ Մանթաշյանին, Բագրատ Եսայանին և մի խումբ մարդկանց (թվով 10 մարդ), մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով (Խուլիգանությունը՝ դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով):
Մասնավորապես, խոսքը վերաբերում է ՀՀ գլխավոր դատախազության մոտ տեղի ունեցած ակցիայի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին սեռական հայհոյանք հնչեցնելուն, «Բ*ի տղա Նիկո՛լ» բացականչելուն:
Նշենք, որ այսօր դատարանը հետաձգեց նիստը, քանի ամբաստանյալներից երեքը ներկա չէին: Հաջորդ նիստը կկայանա դեկտեմբերի 8-ին, ժամը 11-ին:





























