Պակիստանը քրեական օրենսգրքի բռնաբարությունների դեմ պայքարի մասին հոդվածից հեռացրել է դրույթը, որը թույլատրում էր քիմիական ամորձատումը՝ որպես սերիական բռնարարներին պատժելու հնարավոր միջոց, ուրբաթ հաղորդել է Dawn թերթը:
«Մենք փոփոխություններ ենք կատարել քրեական օրենսգրքում եւ որոշել, որ քիմիական ամորձատման մասին դրույթը կհանվի»,- պարբերականը մեջբերում է Իսլամաբադում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ օրենսդրության հարցերով խորհրդարանական հանձնաժողովի քարտուղարի խոսքը:
Նրա խոսքով՝ այդ որոշումն ընդունվել էր, երբ Իսլամական գաղափարախոսության խորհուրդը՝ պետական մարմինը, որը մեկնաբանում է օրենքն իսլամական տեսանկյունից, հայտնաբերել է, որ քիմիական ամորձատումն իսլամական չէ: «Պակիստանի Սահմանադրության 227 հոդվածը ենթադրում է, որ երկրում բոլոր օրենքները պետք է համապատասխանեն շարիաթին ու Սուրբ Ղուրանին, ուստի մենք չենք կարող ընդունել ինչ-որ օրենք, որը հակասում է այդ արժեքներին»,-ասել է Բոխարին:
Պակիստանի խորհրդարանը չորեքշաբթի համատեղ նիստի ժամանակ ընդունել է 33 օրենք, այդ թվում՝ բռնաբարության դեմ պայքարի մասին քրեական օրենքը, որը նախատեսում էր բռնաբարության մեջ մեղավորների քիմիական ամորձատում: Այնուհետեւ Իսլամական գաղափարախոսության խորհուրդն անվանել է այդ միջոցը հակաիսլամական:
Բռնարարների համար պատիժը խստացնող օրենքի նախաձեռնողը երկրի կառավարությունն էր վարչապետ Իմրան Խանի գլխավորությամբ երկրում կանանց եւ երեխաների դեմ հանցագործությունների թվի աճի կապակցությամբ:
Բռնաբարության համար դատապարտվածների քիմիական ամորձատման ընթացակարգը ներկայում գործում է ԱՄՆ-ում, Գերմանիայում, Լեհաստանում, Հարավային Կորեայում եւ մի շարք այլ երկրներում:





























