44-օրյա պատերազմի ընթացքում ծանր վիրավորում ստացած, Մարտունու զորամասերից մեկի կորտի հրամանատար, սերժանտ Գուրգեն Մուրադյանն այսօր դառնում  է 22 տարեկան: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա քույրը` Լիլիթը` հուսալով, որ հայրենիքի համար եղբոր սխրանքները երբևէ կհիշվեն ու կկարևորվեն:

«Մարտական ընկերները պատմում են, թե ինչպես է իր կորտով անօդաչու սարքեր խոցել, մարտական ոգով վարակել իր ընկերներին ու իր խիզախությամբ առանձնացել: Բայց, ցավոք, իր քաջությունը միայն զինակից ընկերներն են գնահատում»,- ասաց քույրը` հավելելով, որ եղբայրը մի քանի ծանր վիրահատություններ է տարել, այսօր վերականգնողական բուժումներ է անցնում ու պատրաստվում է հերթական վիրահատությանը: Այս պահին տանն է` Արագածոտնի մարզի Գեղարատ գյուղում: Գուրգենը գլխի բազմակի կոտրվածքներ է ունեցել, գանգուղեղի, երիկամի, թոքի բեկորային վնասվածքներ, այրվածքներ:

«Իր հետ վառվել էին հագուստները, փաստաթղթերը: Վիրավորվելուց հետո չէինք կարողանում գտնել, քանի որ անճանաչելի էր»,- ասում է Լիլիթը:

2020-ի հոկտեմբերի վերջին հարազատները նրան գտել են Էրեբունի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում: Գուրգեն Մուրադյանը պատերազմից հետո պետության կողմից ոչ մի խրախուսական շքանշանի, պարգևի չի արժանացել: