Հյուսիսային Կորեայի արտաքին գործերի նախարարությունը քննադատել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին կամայականությունների եւ միայն կոնկրետ երկրների վրա «հարձակումների» համար, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նոյեմբերի սկզբին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի երրորդ կոմիտեն 17-րդ անգամ Հյուսիսային Կորեայում մարդու իրավունքների խախտումները դատապարտող բանաձեւ ընդունեց։ ՄԱԿ-ը 2005 թվականից ամեն տարի այդպիսի բանաձեւ է ընդունում։ Հարավային Կորեան երրորդ տարին անընդմեջ բանաձեւի առաջարկով հանդես եկող երկրների թվում չէ, սակայն կողմ է քվեարկել դրա ընդունմանը։

Ըստ ԱԳՆ հայտարարության՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի բանաձեւերն «ուղղված են կոնկրետ երկրներին», ինչը հակասում է «արդարության եւ հավասարության» սկզբունքներին հավատարիմ մնալու նրա պնդումներին։

«ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդն այժմ հեռացել է իր սկզբնական նպատակից եւ անկանոն վայրի է վերածվում, որտեղ Արեւմուտքը ցանկացածի պես թիրախավորած գրոհում է անկախ զարգացող երկրները»,- ասվում է հայտարարության մեջ:

Հյուսիսային Կորեայի ԱԳՆ-ն նշել է, որ մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ հատուկ զեկուցողներն ընտրվում են առանց անդամ երկրների միջեւ քննարկման, եւ հետաքննության ենթակա են միայն այն երկրները, որոնց արժեքները չեն համընկնում Արեւմուտքի չափանիշներին։
«Մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված իրավիճակն իսկապես բարելավելու համար, առաջին հերթին, անհրաժեշտ է վերջ դնել ԱՄՆ-ի եւ Արևմուտքի կողմից հարկադրմանը ու իշխանության չարաշահմանը մարդու իրավունքների  միջազգային հարթակում»,- հայտարարել է ԱԳՆ-ն: