ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ու նրա մերձավոր շրջապատի ներկայացուցիչները վերջին օրերին հավաստիացնում են կողմնակիցներին Ամերիկայի 79-ամյա առաջնորդի՝ 2024 թվականին երկրորդ ժամկետով առաջադրվելու ծրագրերի մասին, գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով The Washington Post թերթին:
Լրատվականի պարզաբանմամբ՝ ջանքերը, որոնք ուղղված են եւս մեկ ժամկետով Սպիտակ տան ղեկավարի պաշտոնում մնալու ձգտման մասին կողմնակիցներին համոզելուն, ձեռնարկվում են այն կապակցությամբ, որ բազմաթիվ դեմոկրատներ համարում են, որ Բայդենը, հավանաբար, չի մասնակցի հաջորդ ընտրոթյուններին՝ հաշվի առնելով, մասնավորապես, նրա տարիքը, որը հաջորդ քվեարկության ժամանակ կլինի արդեն 81 տարեկան: Եւս մեկ հանգամանք կապված է վարկանշի անկման հետ. ներկայում նախագահի պաշտոնում Բայդենի աշխատանքը հավանություն է ստացել երկրի բնակիչների շուրջ 40 տոկոսի շրջանում:
«Միակ բանը, ինչ ես լսել եմ նրանից, այն է, որ նա պատրաստվում է կրկին առաջադրվել: Եւ ես ուրախ եմ այդ առիթով»,-հայտարարել է Բայդենի ընկեր եւ նախկին դեմոկրատ սենատոր Քրիս Դոդը: Բացի այդ, ինչպես նշում է The Washington Post-ը, իր մտադրության մասին Բայդենը հայտարարել էր նաեւ այս ամիս ավելի վաղ Դեմոկրատական կուսակցության համար միջոցների հավաքագրման միջոցառման ժամանակ: «Այն, որ նա հայտարարում է հրապարակավ, վկայում է, որ նա հավատում է դրան: Նա չի առաջադրվի, եթե հասկանա, որ չի կարող կատարել ֆիզիկական եւ էմոցիոնալ աշխատանքը»,-հայտարարել է պարբերականին Պենսիլվանիայի նախկին նահանգապետ Էդ Ռենդելը, որը ներկա էր այդ միջոցառմանը:
Սակայն, թերթի տվյալներով՝ դեմոկրատներից մի քանիսը կասկածում են նախագահի եւ նրա օգնականների այդպիսի հայտարարությունների հարցում՝ համարելով, որ անկախ իրական ծրագրերից նրանց համար շահավետ է խոսել վերընտրվելու մասին, որպեսզի թույլ չտան ներկայում Բայդենի դիրքերի թուլացումը: Մյուսները նշում են, որ եւս մեկ վերընտրման արշավը կարող է ենթադրել շատ ավելի խիտ գրաֆիկ, քան 2020-ին համեմատաբար հանգիստ ընտրարշավը, որի ընթացքում միջոցառումների մեծամասնությունն անցկացվել է առցանց ձեւաչափով համավարակի պատճառով:
Ակնկալվում է, որ Բայդենը վերընտրվելու մասին պաշտոնապես կհայտարարի Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից հետո, որոնք կկայանան 2022 թվականի նոյեմբերին:





























