Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն կոչ է արել ԵՄ պատվիրակությանը, որը ժամանել է երկիր Վենեսուելայում ՏԻՄ ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելության նպատակով, հարգել կամարտահայտման արդյունքները, որոնք կստացվեն կիրակի: Այդ հայտարարությունը քաղաքական գործիչն արել է շաբաթ միջազգային դիտորդների հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Արեւմտյան իմպերիալիստական ԶԼՄ-ները, օգտվելով իրենց գերիշխող դիրքից, մտադիր են նախընտրությունը տալ հանձնաժողովին, որն ուղարկել է Ժոզեփ Բորելը ԵՄ-ի անունից»,-ասել է երկրի ղեկավարը: Նրա խոսքով՝ նախօրեին Bloomberg գործակալության ղեկավարներից մեկը հայտարարել է, որ ԵՄ հանձնաժողովը եզրակացություն կներկայացնի Վենեսուելայում ընտրությունների օրինականության վերաբերյալ: «Կարո՞ղ է արդյոք որեւէ միջազգային դիտորդ ինչ-որ երկրում ներկայացնել եզրակացություն այդ երկրի ազգային եւ ինքնիշխան գործընթացների օրինականության մասին: Թող ԵՄ-ից դիտորդները իջնեն երկնքից, համեստ վարք դրսեւորեն եւ հարգեն Վենեսուելայի օրենքները»,-հայտարարել է Մադուրոն, որը նաեւ սպառնացել է նրանց քաղաքական եւ դիվանագիտական պատասխանով:
Վենեսուելայի կառավարությունն ու ընդդիմությունն օգոստոսի 13-ին մեկնարկել են բանակցությունների Մեքսիկայում Նորվեգիայի միջնորդությամբ: Առաջին փուլի ընթացքում կողմերը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որպեսզի հաստատեն երկխոսության պատրաստակամությունը: Այդ հանդիպումներից հետո ընդդիմադիր կուսակցությունների կոալիցիան հայտարարել է, որ կմասնակցի տարածաշրջանային ընտրություններին նոյեմբերի 12-ին:
Ինչպես ավելի վաղ հայտարարել էր երկրի Ազգային ընտրական խորհուրդը, ընտրություններին առաջադրվել է ավելի քան 70 հազար թեկնածու: Վենեսուելայում ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու համար արտերկրից ժամանել է շուրջ 300 օտարազգի փորձագետ:





























