Ակնկալվում է, որ Իսպանիայի արտաքին գործերի նախարարը կայցելի Հունաստան, որպեսզի պարզաբանի վերջերս Թուրքիայի հետ կնքված պաշտպանական համաձայնագրի մանրամասները, հաղորդում է Kathimerini հունական թերթը:

Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիքոս Դենդիասը հեռախոսազրույց է ունեցել իր իսպանացի պաշտոնակից Խոսե Մանուել Ալբարեսի հետ, կողմերը քննարկել են Թուրքիայի զենքի մատակարարման գործարքը: Ալբարեսն առաջարկել է «պարզաբանել» համաձայնագիրը եւ այցելել Աթենք, Դենիդիասն ընդունել է առաջարկը: Այցի ամսաթվերը չեն նշվում:

Ալբարեսի առաջարկը հաջորդել է Թուրքիայում Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի այցին, որտեղ նա հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Այդ այցի ժամանակ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայի Իսպանիայի հետ գործարք է կնքել ավիակիր եւ սուզանավ գնելու շուրջ:

Հունաստանը հասկացրել է, որ մտահոգված է զենք մատակարարելու շուրջ թուրք-իսպանական գործարքի հեռանկարներով: «Ակնհայտ է, որ ԵՄ անդամ պետությունները կապված են Եվրոպական խորհրդի որոշումներով, որոնք վերաբերում են Թուրքիայի հանցավոր վարքին եւ միջազգային իրավունքի խախտմանը»,-հայտարարել է Հունաստանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Յանիս Էկոնոմուն: