Մեղրի համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանի եղբայրն ու զարմիկները  ծեծել են Մեղրիի կոմունալ տնտեսության պետ Արթուր Աթանեսյանին, որն այս պահին Մեղրիի բժշկական կենտրոնում է։ Այս մասին երեկ՝ նոյեմբերի 21-ին, գրել էր Aravot.am-ը։

NEWS.am-ը այսօր փորձեց կապ հաստատել Մեղրիի համայնքապետ Բագրատ Զաքարյանի հետ եւ միջադեպի վերաբերյալ պարզաբանումներ ստանալ, սակայն, համայնքապետը լսելով, որ իրեն լրագրող է զանգահարում, անջատեց հեռախոսը։

Նշենք, որ Մեղրիի համայնքապետը «Հանրապետություն» կուսակցությունից էր առաջադրվել եւ նոյեմբերի 11–ից ստանձնել Մեղրի համայնքի ղեկավարի լիազորությունները։

«Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչ Անի Խաչատրյանը մեզ հետ զրույցում ասաց, որ միջադեպի մասին տեղեկացել է մամուլից։

«Թե՛ Մեղրիի համայնքապետ Բագրատ Զաքարյանը, թե՛ «Հանրապետություն» կուսակցությունը պատասխանատվություն չեն կրում պարոն Զաքարյանի եղբայրների «տղայական» կռիվների համար։ Արթուր Աթանեսյանը թե՛ նախընտրական փուլում, թե՛ դրանից հետո, անցել էր կոռեկտության բոլոր սահմանները։ Արթուր Աթանեսյանը փաստացի զբաղեցնում է Մեղրի համայնքի  կոմունալ ծառայության պետի պաշտոնը, բայց եթե նա մի քիչ տղամարդկություն ունենար, վաղուց դիմում գրած կլիներ ու հեռացած.... Եթե պետք լիներ, որ Արթուր Աթանեսյանը դիմում գրեր ու աշխատանքից  ազատվեր, Բագրատ Զաքարյանը կստեղծեր էդ միջոցները, որովհետեւ պարոն Աթանեսյանի մասին դեռ կլսենք։ Կոմունալ բաժնի անբավարար աշխատանքների  հիմքով, պարոն Զաքարյանը կարող էր աշխատանքից ազատել Արթուր Աթանեսյանին։ Նման քայլի գնալն ընդամենը «շառ» անել է Բագրատ Զաքարյանի վրա»,– ասաց Անի Խաչատրյանը։ 

NEWS.am-ը փորձեց կապվել նաեւ Մեղրիի կոմունալ տնտեսության պետ Արթուր Աթանեսյանի հետ, սակայն վերջինս ըստ Մեղրիի համայնքապետի նախկին պաշտոնակատար Արարատ Թումանյանի՝ գտնվում է հիվանդանոցում։

Արարատ Թումանյանը ներկա չի եղել երեկ տեղի ունեցած միջադեպին, սակայն որոշ մանրամասներ պատմեց։

«Վահրավարի իր հողամասում գործ անելիս Արթուր Աթանեսյանի վրա թափվել ու ծեծել են Մեղրիի համայնքապետի եղբայրը՝ Եղիշե Զաքարյանը, հորեղբոր որդին՝ Վարդան Զաքարյանը եւ այլ բարեկամ՝ Լիբիկ Օհանյանը, որովհետեւ ըստ Արթուր Աթանեսյանի՝ մոտ մեկ շաբաթ առաջ համայնքապետն իրեն կանչել է ու ասել՝ ազատման դիմում գրի ու հեռացի, քանի գլխիդ ոչինչ չեմ սարքել։ Արթուր Աթանեսյանը հրաժարվել է եւ ասել, որ իր հաստիքը մրցույթային է, եւ եթե նորից մասնակցի դրան, ապա  կհաղթի»,–  պատմեց Արարատ Թումանյանը։

Նրա խոսքով՝ Մեղրիի կոմունալ տնտեսության պետ Արթուր Աթանեսյանի առողջական վիճակը  լավ չէ. «Ահավոր է, գցել են գետնին ու քացով հարվածել, դեմքի վրա առողջ տեղ չկա, աչքերը փակված են, գլուխը քառակուսի է դարձել»։

Արարատ Թումանյանին միջադեպի մասին տեղեկացրել է Ագարակ համայնքի նախկին վարչական ղեկավար  Գեւորգ Առաքելյանը։ Արարատ Թումանյանը ժամանել է դեպքի վայր՝ շտապօգնություն կանչել եւ դիմել ոստիկանություն։

«Գեւորգ Առաքելյանին սպառնացել են, թե խելքդ գլուխդ հավաքի, ո՛չ տեսել ես, ո՛չ գիտես, բայց ինքն է զանգել ինձ ու ասել, որ էսպիսի դեպք է եղել։ Գեւորգ Առաքելյանը չի հրաժարվել, որ դեպքի վայրում է եղել, բայց ասել է, որ ինքը չի տեսել, թե ինչպես են մարդուն ծեծում։ Առաքելյանի զանգով եմ ես գնացել Վահրավար ու տեսել կատարվածը»,–  ասաց Արարատ Թումանյանը՝ հավելելով, որ ինքն է կանխել, որպեսզի Աթանեսյանի հարազատները հաշվեհարդար չտեսնեն. «Ես եմ կանխել, որ վենդետա չլինի, որովհետեւ սրա հարազատությունը, ընկերությունը կացիններով պատրաստ էին կիսեին սաղին»։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնեցին, որ նոյեմբերի 21–ին, ժամը 14։20–ին ահազանգ է ստացվել, որ Վահրավար գյուղի տարածքում երեք անձ ծեծի են ենթարկել մի քաղաքացու, ինչի հետեւանքով վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, ոստիկանության Մեղրիի բաժնում նյութեր են նախապատրաստվում։