Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեքշաբթի Սոչիում բանակցություններ կվարի Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասի հետ, տեղեկացրել է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Առաջնորդները կքննարկեն երկկողմ համագործակցության հետագա զարգացման հարցերը եւ իրավիճակը Մերձավոր Արեւելքի տարածաշրջանում՝ հաշվի առնելով Ռուսաստանի ձեռնարկած ջանքերը պաղեստինա-իսրայելական կարգավորման ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրությունում։
Ավելի վաղ Պաղեստինի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ռիյադ ալ Մալիքին տեղեկացրել էր, որ խորհրդակցությունների ընթացքում Պաղեստինի առաջնորդը նախատեսում է անդրադառնալ մի շարք միջազգային եւ տարածաշրջանային խնդիրների, ներառյալ հակամարտության կարգավորումը Մերձավոր Արեւելքում։





























