Վրաստանի ֆինանսների նախարարը կներկայացնի նախաձեռնություն, ըստ որի առցանց կազինոների սեփականատերերի համար կբարձրացվեն հարկերը, կարգելվի դրանց գովազդը, իսկ առցանց կազինոներում խաղալու հնարավորություն ունեցողների տարիքային շեմը կավելանա մինչեւ 25 տարեկան։ Այս մասին կառավարության նիստում ասել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, հաղորդում է «Նովոստի-Գրուզիան»։
Նրա խոսքով՝ հաջորդ փուլում Վրաստանը նախատեսում է ամբողջությամբ արգելել առցանց կազինոները։
«Բնակչությանը շատ հուզող հարց է մոլախաղերի բիզնեսը եւ առցանց կազինոները։ Այս առցանց կազինոների միջոցով երկրից մեկ միլիարդ հինգ հարյուր միլիոն է հեռանում: Մեր քաղաքացիները, մեր երիտասարդները, ամեն օր խաղում են առցանց կազինոներում եւ գումարներ կորցնում։ Այդ գումարը կազմում է 500 միլիոն լարի։ Այս մասին խոսել եմ տնտեսական թիմի հետ, եւ ֆինանսների նախարարն արդեն տեսլական ունի։
Կարծում ենք, որ կներկայացնենք օրենսդրական նախաձեռնություն՝ ուղղված առցանց կազինոների սեփականատերերի համար հարկերի բարձրացմանը։ Նրանց ճնշող մեծամասնությունը արտասահմանյան ընկերություններ են, եւ, ցավոք, մեր քաղաքացիների փողերը՝ 1,5 միլիարդ լարի, գնում է արտերկիր։ Նրանց մեծ մասը՝ 99%-ը, աղքատներն են, ովքեր չեն աշխատում։
Առաջին փուլում մենք կարծում ենք, որ պետք է ավելացնել հարկերը, արգելել գովազդը եւ շեմը հասցնել 25 տարվա։ Երկրորդ փուլում առցանց կազինոները պետք է ընդհանրապես արգելվեն։ Ես ունեմ այս տեսլականը։ Ես պատրաստ եմ բացահայտ խոսել այս մասին, եւ հուսով եմ, որ հանրային աջակցություն կլինի այս ուղղությամբ։ Մենք ակտիվորեն աշխատելու ենք խորհրդարանի հետ եւ միասին օպտիմալ, ողջամիտ որոշում կկայացնենք»,- ասել է Ղարիբաշվիլին։
Մոլախաղերը Վրաստանի առաջատար ճյուղերից է։ Այս ոլորտի եկամուտները գերազանցում են նույնիսկ բանկերի եկամուտներին: Թբիլիսին եւ Բաթումին հայտնի են իրենց շքեղ խաղատներով, այդ թվում՝ հինգաստղանի հյուրանոցներում, որոնք օտարերկրյա հարուստ զբոսաշրջիկների են գրավում Վրաստան։
Միաժամանակ երկրում գործում են տասնյակ առցանց կազինոներ եւ հարյուրավոր տոտալիզատորներ, ինչպես նաեւ հազարավոր խաղային ապարատներ, որոնք նախատեսված են ոչ թե զբոսաշրջիկների, այլ բացառապես տեղի բնակիչների համար։
Մասնագիտացված հասարակական կազմակերպությունները կարծում են, որ Վրաստանում մոլախաղերից կախվածությունը լուրջ խնդիր է՝ ինտերնետ խաղերից կախվածություն ունի 700 000 մարդ, այսինքն՝ երկրի յուրաքանչյուր հինգերորդ բնակիչը։





























